ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշեց, որ հաշվի է առել հանձնաժողովի առաջարկները եւ ներկայացրել է լրամշակված տարբերակ: Պարոն Դավթյանն ասաց, որ գործող օրենքով հասարակական կազմակերպությունները կորցրել են «միություն» անվանումը կրելու իրավունքը: Օրենսդրական նախաձեռնությամբ հանվում է «միություն» բառը օգտագործելու սահմանափակումը: Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով: Նշվեց, որ «ոչ պակաս» հասկացությունը չի սահմանափակում կանոնադրությամբ առավել կարճ ժամկետ սահմանելու հնարավորությունը: Հերթական ժողովի անցկացման պարբերականության փոփոխությունը առաջացնում է ընթացքի արձանագրման փաստաթղթերի պահպանման ժամկետի վերանայում, ուստի առաջարկվում է 3 տարին փոխել 5 տարով:
Օրենքի նախագիծը արժանացել էր կառավարության հավանությանը:
Օրինագծի վերաբերյալ հարակից զեկույցում դրական կարծիք արտահայտեց նաեւ Էլինար Վարդանյանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական նախաձեռնությունը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:
ԱԺ մամուլի հաղորդագրություն