Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ապատյան. Պետությունը չունի հայեցակարգ, որը պետք է պաշտպանի հայոց լեզուն

Փետրվար 21,2014 17:29

Հասարակական ակտիվիստ, «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացման» նախաձեռնության անդամներից Արամ Ապատյանը կարծում է, որ մայրենիի պաշտպանությունը մեկ օրով չպետք է սահմանափակվի, պետք է ամբողջ տարվա ընթացքում անել աշխատանքներ, որոնք պետք է բերեն լեզվի անաղարտությանն ու պահպանմանը: «Պետք է կատարվեն կրթական բարեփոխումներ: Շատ կարեւոր եմ համարում որակյալ կրթական համակարգերի որակյալ թարգմանությունը հայերեն, այլ կրթական նյութերի թարգմանությունը հայերեն»,- ասում է նա:

Պարոն Ապատյանը մայրենի լեզվի պահպանության հարցում ամենաշատը կարեւորում է դպրոցի դերը: «Եթե մարդիկ ձգտում են իրենց երեխաներին օտարալեզու դպրոցներ ընդունել, ուրեմն նրանք դժգոհ են տիրող կրթական մակարդակից եւ որոնում են տարբերակներ արտասահմանում, որոնում են տեղական օտարալեզու դպրոցներում, եւ այդ իրավիճակը շտկելու համար մենք պետք է բարելավենք գոյություն ունեցող կրթական համակարգը, իսկ դա առաջին հերթին հնարավոր է, եւ դա նաեւ միջազգային փորձն է ցույց տալիս, մեր ամենատաղանդավոր ապագա մասնագետներին ներգրավելով դպրոց»,- ասում է նա եւ նշում, որ երիտասարդները պետք է շահագրգռված լինեն

եւ սիրով ուսուցչի մասնագիտությունը ընտրեն, որ նրանցից կրթվող սերունդն էլ ավելի լավը լինի: Կարծում է, որ Հայաստանը լավագույն ուսուցիչներ ունենալով կարող է անաղարտ պահել մայրենին:

Խոսելով լեզվի պահպանման պետական քաղաքականության մասին՝ պարոն Ապատյանը նշում է. «Պետությունը, որպես այդպիսին՝ չունի, կամ եթե անգամ ունի ինչ-որ հայեցակարգ, որը պետք է պաշտպանի հայոց լեզուն, ապա այդ գործողությունները, որոնք որ կատարում են, համակարգված չեն եւ որոշ դեպքերում վնասում են հայոզ լեզվի զարգացմանը կամ անգամ գոյատեւմանը, օտարալեզու դպրոցների տարբերակը, օրենքի ընդունումը դա ցույց տվեց»:

Արամ Ապատյանը կարծում է, որ գլոբալիզացիան, ժամանակաշրջանն ավելի է բարդացրել մայրենիի պահպանումը: Խնդիրներից մեկն է սոցիալական ցանցերում տրանսլիտի օգտագործումը. «Մարդկանց մի մասը գերադասում է տրանսլիտով գրել, չգրել հայատառ, սակայն սա լուծելի խնդիր է, եթե պետությունը անհրաժեշտ ճանապարհ տանի արտադրողների հետ,- ասում է պարոն Ապատյանը եւ ավելացնում,- Անհրաժեշտ է, որ պետությունը հետեւյալ խնդիրը լուծի. ստեղնաշարերը, որոնք վաճառվում են Հայաստանում, պարտադիր պետք է ունենան հայերեն տառեր իրենց վրա՝ համապատասխան տեղերում, բազմաթիվ երկրներում այդ հարցը լուծվել է, մեզ մոտ արդեն 20 տարի է՝ այդ հարցը չի լուծվում»:

Պարոն Ապատյանը կարծում է, որ նման տեխնիկական խնդիրներն են, որ պետք է ընդգրկվեն պետական հայեցակարգի մեջ եւ առաջնահերթ լուծման արժանանան. «Դրանք են, որ չեն լուծվում, եւ դրանով իսկ մեծացնում լեզվի նրբությունները մոռանալու վտանգը»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728