Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման:
Այդ առիթով, մայրենի լեզվի պահպանման եւ արժեւորման մասին խոսեցինք գիտական , հասարակական եւ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ:
«Ամենայն պատասխանատվությամբ կարձանագրեի, որ Հայաստանում պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ հարգարժան, պատշաճ և գիտակցված վերաբերմունք չկա։ Ես չեմ տեսնում լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջականությունը՝ քայլեր, որոնք ուղղված կլինեին հայոց լեզվի շահերի պաշտպանությանը, կենսագործունեության ապահովմանը։ Խնդիրը նախևառաջ քաղաքական գիտակցումի հարթության վրա է։ Ավաղ, մեր օրերում տիրական և թելադրող դարձած «արժեքների» սանդղակում հոգևորը և այդ համատեքստում ամենաառանցքայինը՝ լեզուն, չի գիտակցվում որպես ազգային անվտանգության կամ ինքնության բաղադրիչ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՅԴ կուսակցության անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Տիկին Գալստյանն արձանագրում է, որ անկախության համար մեր հազարամյակների կռիվը նախեւառաջ հոգևոր անկախության պայքար է եղել՝ խարսխված հոգևորի, լեզվական մշակույթի տեսլականի վրա։
«ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագիրն» ընդունվել է 14 տարի առաջ՝ 2002 թվականին։ Ցավոք, այս հայեցակարգային փաստաթղթի հանձնառությունների մեծ մասը մնացել է թղթի վրա, այդ թվում կարևորներից մեկը՝ գրական հայերենի կանոնարկման խնդիրը։ Եզրաբանական կոմիտեի չգոյության և լեզվական պատշաճ վերահսկողության բացակայության արդյունքում ամեն տեսակ աղբ թափանցել է հայոց լեզու։ էլ չեմ խոսում այն մասին, որ խախտելով ՀՀ սահմանադրությունը և Լեզվի մասին օրենքը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներր իրենց հրապարակային և պաշտոնական խոսքը կառուցում են օտար լեզվով։ Անընդունելի երևույթ է, մեղանչում մեր անկախության ու ինքնության, ազգային արժանապատվության նկատմամբ, պետական խորհրդանիշների նվաստացում»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ լեզվի պահպանությունը պիտի սկսվի դպրոցից. լավ դպրոցը, լավ դասագիրքը, լավ ուսուցումն են լեզվի իմացության հիմքերը։ «Բայց դարձյալ պիտի կարեւորեի քաղաքական գիտակցման խնդիրը։ Մեր համատարած նահանջների մեջ, ավաղ, չի գիտակցվում լեզվի դերը, որպես պետականության, ազգապահպանության, ինքնության կամ միասնականության վճռորոշ շաղախի։ Լեզվաքաղաքական ծրագրի չգոյությունն ու օրենքների ամենօրյա ոտնահարումն այդ մասին են խոսում,- ասում է նա եւ շարունակում,- Իրավունք չունենք մոռանալ նաև, որ արևմտահայերենը՝ մեր համազգային ժառանգության մի մեծ հարստություն, ՅՈՒՆԵՍԿՕ- ի կողմից արձանագրվել է մեռնող լեզուների շարքում։ Իսկ մենք ոչ միայն բարձիթողի ենք մատնել ժամանակակից գրական արևելահայերենի կանոնարկումը, այլև անտարբեր ենք ու անհաղորդ արևմտահայերենի խնդիրներին։ Իսկ, երբ առիթը գալիս է, սնապարծությամբ փաստում ենք, որ տասը միլիոն հայ ենք։ Անտեր ենք թողել արևմտահայերենը»:
Մեր այն հարցին, թե այսօր ովքե՞ր են մայրենիի պաշտպանության խնդրով զբաղվողները, եւ ովքե՞ր են անտեսում հայերենի անաղարտ պահելու կարեւորությունը, տիկին Գալստյանը պատասխանում է. « Պաշտոնական և հրապարակային լեզվագործածության վերահսկողությունը, կանոնարկումը, իսկապես, խիստ անհրաժեշտություն է, և հենց պետության պարտականությունն է կարգավորիչ գործառույթներ իրականացնելը։ Բայց մեզանում տնտեսական, նյութական շահը գերադասված է հոգևորին։ Կիսագրագետ քաղքենուն, կամ միջնակարգ կրթություն չստացած օլիգարխին, դժվար է հասկացնել, որ հայերեն տառերով գրված ամեն բառ դեռ հայերեն չէ… Հատկապես, երբ օտարալեզու դպրոցների նկատմամբ ու օտար լեզվի նկատմամբ այդքան գորովալի են մեր պետական այրերը»:
Իսկ Մաքսային տարածքում ռուսերենը փաստաթղթային լեզու դարձնելու մեջ տիկին Գալստյանը վտանգ տեսնում է: «Լավատես չեմ, թե կկարողանանք այս համատեքստում պահել նախ մեր արժանապատվությունը»,- ասում է նա եւ մատնանշում՝ Եվրամիության համաժողովները եւ այլ միջոցառումներ
համաժամանակյա թարգմանությամբ են ընթանում, և յուրաքանչյուր պետության ներկայացուցիչ իր մայրենիով է ելույթ ունենում: «Մերոնք փոխանակ այս ուղղությամբ մտածելու, սկսել են ռուսերեն պարապել, անգլերենի դասագրքերը դեռ սեղաններին։ Այնպես որ, այս օրերին հնչող մեկնաբանությունները, թե տեխնիկապես անկարելի է, մերկապարանոց են։ Եթե մեր տնտեսական անկախությունն ենք վտանգում, հոգևորը՝ այն էլ այս ընթացքներում, պաշտպանելու ոչ կամք կունենանք, ոչ էլ համոզում… Ցավոք և ավաղ։ Ու դարձյալ պիտի հանգեմ ամենակարևորին. մեր իրականության բոլոր երեսները ներառող խնդիրների լուծումը քաղաքական կամք և գիտակցում են պահանջում։ Ինչպես միշտ, այս պարագայում էլ մեր խնդիրները արժեքային, քաղաքակրթական են»,- ասում է տիկին Գալստյանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ