Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթի տեքստը պատրաստված Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի համար

Փետրվար 21,2014 16:53

21 փետրվարի, 2014թ., ուրբաթ

Պարոն վարչապետ և հարգարժան հյուրեր, շատ հաճելի է, որ այսօր այստեղ եմ՝ մասնակցելու երրորդ ամենամյա կենսաթոշակային համաժողովին:

Միացյալ Նահանգները կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, երկրի տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի և հաստատությունների զարգացմանն աջակցելու համար:

13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար,  հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: Մենք աշխատել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի կառուցենք սոցիալական ծառայությունների մատուցման կայուն մոդելներ  և լայնածավալ սոցիալական բարեփոխումներ իրականացնենք:

Ինչո՞ւ են կենսաթոշակային բարեփոխումն այդքան կարևոր.

  • Կարևոր է, քանի որ այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա:
  • Կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար:
  • Կենսաթոշակային բարեփոխումը կարևոր է, քանի որ փոխվել են զբաղվածության կառուցվածքը և Հայաստանի ժողովրդագրությունը, և կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի:
  • Վերջապես, դա կարևոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին  ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ:

Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է:  Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին:

Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:

Այսպիսով, ինչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.

1)      կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարևորն է՝ երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,

2)      ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,

3)      կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,

4)      կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով  կենսաթոշակային վճարները:

Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների  իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն:  Առաջ շարժվելու համար կարևորվում են մի շարք խնդիրներ.

  • Կարևոր է լայն հանրային իրազեկումը: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները մարդկանց հասկանալի չեն: Քաղաքացիները հարցնում են. ինչո՞ւ են անհրաժեշտ այս բարեփոխումները, ի՞նչ է արվում այս բարեփոխումներով, դրանից ի՞նչ օգուտ կստանան աշխատողն ու ապագա կենսաթոշակառուն, ինչպե՞ս այն կանդրադառնա ընթացիկ կենսաթոշակառուների վրա:
  • Կառավարությունն աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ կրկին ու կրկին:  Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության իրազեկման աշխատանքներում: Ճշգրիտ, ներառական, թափանցիկ և համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ և կնպաստեն դրանց հաջողությանը:
  • Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել և ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը:
  • Կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման  կարևոր գործոնները ներառում են. Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականություն, շրջահայաց կարագավորում, որը կմեծացնի հասրարակության վստահությունը համակարգի նկատմամբ և կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, և առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովում բոլորի կողմից:

Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը և անկողմնակալությունը:

Գործատուները նույնպես որոշ պատասխանատվություններ ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով:

Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը  շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով:

Մի կարևոր բան էլ ներկայացնեմ, որը կարծես հասարակության շրջանում շատերին հայտնի չէ: Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական/ավստրիական:

Եվ կրկին, ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է:

Հիշենք նաև, որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով  և արձագանքելով վերջիններս մտահոգություններին:

Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության,  միջազգային դոնորների և փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների և ներդրումների պաշտպանության համար ձևավորված մեխանիզմների հետ միասին  հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը  երկար գոյատևել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է:

Եվ վերջում, ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը և հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումները ի շահ բոլորի:

Շնորհակալություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Արդեն պարզ է ում ականջներն են երևում այս չարեփոխումների հետևից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728