22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում առաջին դոպինգային սկանդալն է հասունանում: Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ երկրի օլիմպիական հավաքականի երեք անդամների դոպինգ ստուգման «A» սրվակը դրական արդյունք է տվել: Ճիշտ է, երեկ Գերմանիայի ԱՕԿ-ը հրաժարվել էր մեկնաբանել այդ տեղեկատվությունը, սակայն լրատվամիջոցներն այսօր արդեն գրում են, որ նրանցից մեկը բիաթլոնիստուհի, դահուկավազքից օլիմպիական կրկնակի չեմպիոն Էվի Զահենբահեր-Շտելեն է:
Կատարվածի առիթով արդեն հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը: Նա հայտարարել է, որ դոպինգի օգտագործումը պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ եւ Սոչիում դոպինգային սկանդալին առնչություն ունեցող մարզիկները, մարզիչներն ու բժիշկները կարող են ազատազրկվել մինչեւ 5 տարի ժամկետով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Reuters-ի