«Ուկրաինայի իշխանությունները աչքի են ընկնում անորոշ գործելաոճով, իսկ Յանուկովիչը չի կարողանում կողմնորոշվել ստեղծված իրավիճակում»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին:
«Ուկրաինայի այս վիճակի մեղավորը ներկայիս իշխանությունն է»,- կարծում է Արամ Մանուկյանը, ըստ որի՝ այդ իրադարձությունների համար շրջադարձային եղավ Եվրոմայդանի մասնակիցների համաներումը, քանի որ իշխանությունը կարծեց, թե նման ճանապարհով կհանդարտեցնի կրքերը, իսկ ընդդիմությունը իշխանության այս քայլը դիտարկեց որպես թուլության նշան:
Արամ Մանուկյանը գտնում է՝ «Յանուկովիչը, կամ նրա մերձավորներից որեւէ մեկը կպահպանի իշխանությունը, կամ էլ՝ ընդդիմադիրների իշխանության գալու պարագայում Ուկրաինայի մասնատումն անխուսափելի կլինի»:
Արամ Մանուկյանը նաեւ հավելեց, որ Յանուկովիչը չի կարողանում համարժեք որոշումներ կայացնել ու այս հարցում անմասն չէ Արեւմուտքից գործադրվող ճնշումը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ուկրաինայի հայ համայնքին՝ քաղաքագետը դրական համարեց այն, որ հայերը չեզոքություն են պահպանում:
Արամ Մանուկյանը վերջում ավելացրեց, որ բռնությունների կիրառման ճանապարհը չի կարող արդյունավետ լինել երկրի զարգացման համար, եւ, որ Ուկրաինայի դեպքերից Հայաստանը պետք է դասեր քաղի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ