Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն՝ ՀԱԿ-ին. «Նման հայտարարության առկայությունն ինքնին շոու է»

Փետրվար 21,2014 15:01

«Հանրապետական» խմբակցության ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը դուրս է գալիս «Գազային հանձնաժողով» ստեղծելու՝ ԱԺ նախագահի նախաձեռնության քննարկման գործընթացից, եւ հարցի շուրջ վերջնական դիրքորոշում կհայտնի ԱԺ լիագումար նիստում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի մոտ կայացած հերթական քննարկումից հետո Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մեծամասնությունը հընթացս փոխել է խաղի կանոնները`այս քննարկման ժամանակ նախագծում փոփոխություններ կատարելով, որոնք վերաբերվելու են հանձնաժողովի գործունեության հրապարակայնությանը: Սա ՀԱԿ-ի համար լուրջ խոչընդոտ է եւ դեռ կքննարկվի`հանձնաժողովին մասնակցության նպատակահարմարության հարցը:

Ի դեպ, հանձնաժողովի նիստերը փակ անցկացնելու առաջարկն արել է ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Aravot.am-ի հետ զրույցում այսօր պարոն Հարությունյանը պարզաբանեց, թե ինչո՞վ է պայմանավորված իր առաջարկությունը. «Գազային ոլորտը բավականին նուրբ ոլորտ է, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում եւ նման հանձնաժողովը, որն իր առջեւ դնում է լուրջ խնդիրներ՝ ուսումնասիրել թե ստեղծված իրավիճակը, թե հետագա բարելավման հնարավոր եղանակները, չպետք է դառնա զուտ քաղաքական շահարկման առարկա: Սա պետք է լինի իսկապես լուրջ, պրոֆեսիոնալ աշխատանք: Ցանկացած բաց նիստի ժամանակ, քաղաքական գործիչները, հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչները, բնական հետաքրքրություն են ունենում՝ անել քաղաքական հայտարարություններ: Իսկ նպատակը՝ իրական աշխատանքն է: Դրանով է պայմանավորված իմ առաջարկությունը, որ հանձնաժողովի նիստերը լինեն դռնփակ»:

Դավիթ Հարությունյանն առաջարկել է, նաեւ, որ փակ նիստերից հետո էլ հանձնաժողովի անդամներն իրավունք չունենան հայտարարություններ անել: Դրանք լինեն միայն այն ժամանակ, երբ հանձնաժողովը ձեւավորի իր կարծիքը: «Սակայն, քանի որ գործընկերների հիմնական մասն առարկեցին դրան, ես հրաժարվեցի իմ այդ առաջարկից: Իսկ դռնփակ նիստի գաղափարը սատարվեց շատերի կողմից»,- ասաց մեր զրուցակիցը:

ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն արդեն երեկ հայտարարել էին, որ համամիտ են այդ աշխատաոճի հետ: «Ժառանգությունը» դեռ հարցը կուսակցության վարչությունում պետք է քննարկի: Քանի որ ՀԱԿ-ն արդեն հայտարարեց՝ հանձնաժողովի աշխատանքների մասին, ստացվում է, որ Կոնգրե՞սն էր ցանկանում այդ հանձնաժողովը շոու սարքել՝ մեր դիտարկմանը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես չեմ սիրում ոչ կանխագուշակումներ անել, ոչ էլ նման գնահատականներ տալ: Ինչպիսի՞ն է եւ ի՞նչն է պատճառը՝ դժվարանում եմ ասել: Այն, որ սա՝ նմանատիպ հայտարարության առկայությունը, ինքնին շոու է, դա ես կարող եմ ասել միանշանակ: Այսինքն, եթե ոմանք հետաքրքրված են լուրջ աշխատանք կատարելու հարցում, ապա, ես կարծում եմ, որ նրանք պետք է մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Անկախ նրանից, թե իրենք ի՞նչ հայտարարությամբ հանդես կգան, ես կարծում եմ, առաջարկությունը, միեւնույն է, մնալու է ուժի մեջ: Մենք առաջարկել ենք, որ իրենց խմբակցությունը եւս ունենա իր ներկայացուցիչն այդ հանձնաժողովում, որը հնարավորություն կտա, թե ավելի խորանալ հարցի էության մեջ, թե համատեղ փնտրել թերություններ, որոնք այսօր առկա են, եւ բարելավման եղանակները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728