«Կենսաթոշակային բարեփոխումների ընկալելի արդյունքները կերեւան 3 տարի հետո»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով` Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական պրոբլեմներից մեկը երկար եւ ցածր տոկոսով փողերի պակասությունն է. «Այս համակարգը գալիս է լրացնելու այդ բացը: Եթե մենք ունենանք ցածր ու երկար տոկոսով փողեր, դա կբերի աշխատատեղերի ավելացման, սոցիալական հարցերի լուծման»:
Պարոն Մինասյանի ներկայացմամբ` ֆոնդերի եկամտաբերությունը, հանած գնաճը կազմում է 6-7%:
«Ի՞նչ տեղի կունենա մեր կուտակած գումարների հետ. եթե Հայաստանում արժույթը փոխվի Մաքսային միություն մտնելուց հետո: Նախ ասեմ, որ այդպիսի քննարկում չկա, որ Մաքսային միության պատճառով արժույթը փոխվի: 2-րդն էլ, եթե Հայաստանում արժույթը դառնա եվրո, դոլար, ռուբլի կամ իեն, ապա այդ ֆոնդերի հետ որեւէ բան տեղի չի ունենա, այնպես ինչպես էստոնական կռոնը դարձավ եվրո»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչո՞ւ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար պահումները կատարվում, այսպես ասած, «կեղտոտ» աշխատավարձից, բացի այդ, այդ պահումները ստացվում են ավելին, քան 5%, պարոն Մինասյանն ասաց.«Պահումներ պետք է կատարվեն անխուսափելիորեն. կամ հենց վճարման օրը, կամ այն ժամանակ, երբ ստանաք այդ կուտակված գումարները, եւ շատ հարմար է, որ հիմա պահվեն»:
Ապա պարոն Մինասյանը սկսեց պատմել, որ քաղաքացին կարող է հետեւել իր կուտակած գումարները, կամ մի ֆոնդից մյուսը տեղափոխել:
Կրկին փորձեցինք, պարզել, թե ինչու է կուտակայինի համար պահումը կատարվում «կեղտոտ» աշխատավարձից, պարոն Մինասյանն ասաց. «Մեր օրենսդրությամբ չի կարող պատահել, որ եկամուտը չհարկվի, ցանկացած գումար պետք է հարկվի: Եթե ձեր, ասենք մաքուր աշխատավարձը` 95 հազար է եւ դրանից հարկվի այդ 5%-ը, դա կլիներ, որ չի հարկվում: Ցանկացած գումար պետք է հարկվի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ