Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը մինչ օրս չի կարողանում ծանոթանալ անանուն վկաների ցուցմունքների բովանդակությանը

Փետրվար 21,2014 14:43

Փաստաբան Արտակ Ոսկանյանը բարձրաձայնում է այն մասին, որ առաջին ատյանի դատարանը հնարավորություն չի տալիս իրեն՝ կատարելու իր մասնագիտական լիազորությունները:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է առանձնապես խոշոր չափերով ավազակություն եւ գողություն կատարելը կազմակերպելու մեջ մեղադրվող Համայակ Սահակյանի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ դատապարտված լինելով ազատազրկման եւ «Սեւան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում՝ Համայակ Սահակյանը 2009թ. օգոստոսի կեսերին կազմակերպել է իր բարեկամ Գոռ Աջամյանի կողմից Գեւորգ Կարոյանին պատկանող Սպիտակի Ա. Մանուկյան 3 հասցեում գտնվող խանութ-սրահ ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գույքի գողությունը: Բացի այդ՝ 2009թ. սեպտեմբերի վերջերին կրկին կազմակերպել է Գոռ Աջամյանի, Ռոման Մելոյանի, Արթուր Յարմալոյանի եւ Լեւոն Եղիյանի կողմից նախնական համաձայնությամբ Գուրգեն եւ Հոռոմ Ավդալյանների՝ Տաշիր քաղաքում գտնվող բնակարան ապօրինի մուտք գործելով՝ վերջիններիս նկատմամբ զենքի գործադրմամբ կատարված առանձնապես խոշոր չափերով ավազակությունը:
Առաջին ատյանի դատարանում գործը երկրորդ անգամ է քննվում:

Առաջին անգամ գործը քննելիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 13 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման էր դատապարտել Համայակ Սահակյանին, ՀՀ վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ էր թողել իր նախորդի վճիռը:
Համայակ Սահակյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ազատազրկման մասին վճիռը:
ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել էր Համայակ Սահակյանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած մեղադրական դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:
Համայակ Սահակյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ ասում է, որ առաջին ատյանի դատարանը 13 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման էր դատապարտել իր պաշտպանյալին՝ հիմք ընդունելով անանուն վկաների տված ցուցմունքները, այն դեպքում, երբ ինքը՝ որպես պաշտպան, մինչ օրս ծանոթ չէ այդ ցուցմունքների բովանդակությանը:

«Վճռաբեկ դատարանը գտել է, որ առանց պաշտպանության կողմին ծանոթանալու հնարավորություն տալու, առանց դատաքննության ընթացքում հետազոտվելու՝ որեւէ ապացույց չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում։ Այլ կերպ՝ չբացահայտված բովանդակությամբ ապացույցի հիման վրա անձին դատապարտելու արգելքը բացարձակ բնույթ է կրում՝ անկախ ապացույցների ընդհանուր զանգվածում այդ ապացույցի դերից։ Այդ արգելքը խախտելն ինքնին կազմում է քրեադատավարական օրենքի էական խախտում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով»,- ասում է Արտակ Ոսկանյանը:

Նոր քննությունը, սակայն, ինչպես նկատում է փատաբանը, կրկին չի արդարացնում իրեն:
Նա նշում է, որ առաջին ատյանի դատարանը կրկին խոչընդոտում է իրեն՝ ծանոթանալու անանուն վկաների ցուցմունքների բովանդակության հետ, արդյունքում ինքը՝ որպես պաշտպան, մինչ օրս զրկված է իր մասնագիտական լիազորությունները կատարելու հնարավորությունից:

«Վճռաբեկ դատարանի բեկանումից հետո նոր քննության ընթացքում մեղադրանքի կողմը որեւէ նոր այլ ապացույց չի ներկայացրել, ավելին, վկայակոչվել եւ հարցաքննվել են այլ վկաներ, որոնք հերքում են առաջադրված մեղադրանքը, ոչ թե հիմնավորում»,- ասում է փաստաբանը:
Նա տեղեկացնում է, որ քննության ժամանակ կատարվել են հեռախոսահամարների վերծանումներ, որոնք զննության արձանագրության մեջ արդեն ապօրինի կերպով վերագրվել են Համայակ Սահակյանին. «Այդ հեռախոսահամարներից մեկի վերծանումներից պարզվել է, որ վերջինս անընդհատ գտնվել է շարժման մեջ, սպասարկվել է տարբեր կայանների կողմից, այն դեպքում, երբ Համայակ Սահակյանը մեղադրվում է նրանում, որ նա «Սեւան» ՔԿՀ-ից հանցագործություն է կազմակերպել: Վերծանումներից պարզ է, որ այդ հեռախոսահամարը «Սեւան» ՔԿՀ-ում չի եղել»:

Փաստաբանը հավելում է, որ իր պաշտպանյալին մեղսագրվում է այն արարքը, իբր նա Տիգրան Աբրահամյանի հեռախոսով հանցագործություն է կազմակերպել:
«Դատարանին միջնորդություն է ներկայացվում կանչել, հարցաքննել Տիգրան Աբրահամյանին, այսինքն՝ այն անձին, ում հեռախոսով Համայակ Սահակյանը իբր խոսել է: Դատարանը մերժում է՝ ասելով, որ դա մեղադրանքի հետ կապ չունի: Այսինքն՝ անձը երկու դատական ատյանների կողմից, ըստ մեղադրական եզրակացության, մեղավոր է ճանաչվել նրա համար, որ Տիգրան Աբրահամյանի հեռախոսով հանցագործություն է կատարել, երբ Տիգրան Աբրահամյանին կանչում ենք, որ քննենք, դատարանն ասում է, որ դա մեղադրանքի հետ կապ չունի»,- դատաքննության ընթացքում դատարանի կողմից թույլ տված խախտումների մասին է պատմում Արտակ Ոսկանյանը:

Տիգրան Աբրահամյանի փոխարեն, այնուամենայնիվ, դատարան է հրավիրվել նրա հայրը՝ Կորյուն Աբրահամյանը:

«Նախկինում նա ցուցմունք էր տվել, որ այդ հեռախոսահամարը իրենն է, ինքը այն տարել է «Վանաձոր» ՔԿՀ՝ իր տղայի՝ Տիգրանի համար: Ասել էր, որ որդու խցի տղաներից ճանաչել է միայն Համիկին, երբ ազատվել է, հեռախոսահամարը Տիգրանը թողել էր Համիկին, նա էլ հեռախոսահամարը «Վանաձոր» ՔԿՀ-ից հետը տարել էր «Սեւան» ՔԿՀ: Ես դատաքննության ժամանակ ներկայացրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պաշտոնական տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Աբրահամյանը եւ Համայակ Սահակյանը նույն խցում երբեք չեն եղել: Դրանից հետո նույնիսկ առաջին դատաքննության ժամանակվա դատախազը ընդունեց, որ Կորյուն Աբրահամյանի ցուցմունքը արժանահավատ չէ: Ասաց՝ հանում եմ մեղադրանքի կազմից: Չնայած այս ամենին՝ դատարանն այդ եւ անանուն վկաների տված մեզ համար անհայտ ցուցմունքներով պաշտպանյալիս դատապարտեց ազատազրկման: Վերաքննիչն էլ նույնը թողեց, այսինքն՝ դատարանները գտան, որ քրեակատարողական վարչության պետը տվել է կեղծ տեղեկանք, իսկ ճիշտ ցուցմունք է տվել Կորյուն Աբրահամյանը: Հիմա նոր քննության ժամանակ Կորյուն Աբրահամյանին մեր բազմաթիվ պնդումներից հետո ի վերջո դատարանը դատակոչեց: Չնայած նա նախկինում ասել էր, որ ճանաչում է Համայակին, եւ հեռախոսը նրան է տվել, այնուամենայնիվ, դատարանում չէր կարող անգամ կողմնորոշվել՝ ով է մեզնից Համայակը՝ ես, թե Համայակը: Այս անգամ նա եկավ, եւ ցուցմունք տվեց այն մասին, որ Համայակ Սահակյանի մասին ընդհանրապես ոչ լսել է, ոչ տեսել, ոչ տեղյակ է: Իրեն մեկ անգամ կանչել են Գուգարքի ոստիկանություն, այնտեղ թելադրել են, ինչ-որ ցուցմունք է գրել, ու վերջ»,- նշում է փաստաբան Արտակ Ոսկանյանը՝ ամփոփելով, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում այս էլ երկրորդ անգամ իր պաշտպանյալի նկատմամբ խախտումներով դատաքննություն է ընթանում, ավելին, մինչ օրս պաշտպանական կողմից թաքցվում է անանուն վկաների տված ցուցմունքների բովանդակությունը՝ այդ կերպ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728