Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Համահայկական ձմեռային խաղերի անցկացման որոշումը կայացվել է Ստեփանակերտում»

Փետրվար 21,2014 14:36

Փետրվարի 24-ին Ծաղկաձորում մեկնարկում է  Համահայկական ձմեռային 1-ին խաղերը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտին»:

– Պարոն Զաքարյան: Ամառային մարզաձեւերից Համահայկական ամառային հինգ խաղեր են անցկացվել: Ձմեռային առաջին անգամ է կազմակերպվում: Ինչպե՞ս կայացվեց այդ որոշումը:

– Նախ, ասեմ, որ Հայաստանը ձմեռային մարզաձեւերի շատ լավ ավանդույթներ եւ բարձր արդյունքներ չունի: Հայ մարզիկները մրցումներում հանդես են եկել «կարեւորը մասնակցությունն է» օլիմպիական նշանաբանով: Այնպես որ, Համահայկական ձմեռային 1-ին խաղերում էլ շատ բարձր արդյունքներ չեմ ակնկալում:
Համահայկական խաղերի գաղափարը Սփյուռքի երիտասարդությանը Հայաստան բերելն է, Հայաստանի մարզական կազմակերպությունների եւ ընդհանրապես Հայաստանի հետ կապելն է սպորտի միջոցով: Դրա համար էլ մեր կարգախոսն է. «Միասնություն` սպորտով»: Ինչ վերաբերում է որոշում կայացնելուն, Համաշխարհային կոմիտեի անդամները պարբերաբար խոսում էին նաեւ Ձմեռային խաղեր կազմակերպելու մասին: Ասեմ, որ այն ժամանակ այս մտքի ամենամեծ ընդդիմադիրը, թերեւս, ես եմ եղել` ասելով, որ հարկավոր է, որպեսզի առնվազն 10 պետությունից լինեն շուրջ 100 մասնակիցներ, որպեսզի կարողանանք խաղերը կազմակերպել: Այս թեմայով ամենալուրջ խոսակցությունը եղել է երկու տարի առաջ` Կիպրոսի համաժողովում: Բոլորն էլ տպավորված էին ամառային 5-րդ խաղերի անցկացման մակարդակով ու այդ տրամադրության առկայության պայմաններում խոսվեց Համահայկական խաղերի շրջանակներում ձմեռային մարզաձեւերից էլ մրցումներ անցկացնելու շուրջ: Ի զարմանս ինձ, մոտ 17-18 պետությունների մեր ներկայացուցիչները հայտարարեցին, թե կան հայազգի մարզիկներ, որոնք կարող են մասնակցություն ունենալ ձմեռային մարզաձեւերի մրցումներին: Կիպրոսում վերջնական վճիռ չկայացվեց: Որոշեցինք, որ խնդիրը պահում ենք օրակարգում, աշխարհի տարբեր ծայրերում աշխատող մեր ներկայացուցիչներից հավաքում ենք տվյալները, մշակում, տեսնում, թե ինչ է ստացվում եւ հաջորդ խորհրդակցությունում վերջնական որոշում կայացնում: Եվ անցած տարի Ստեփանակերտում հրավիրված համաժողովը որոշեց 2014 թվականի փետրվարի երկրորդ կեսից մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորում կազմակերպել Համահայկական ձմեռային 1-ին խաղերը: Ժամկետներն արդեն հստակ են. փետրվարի 24-ից մարտի 2-ը:

– Պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել:

– Մարզիկների ճանապարհածախսի, հագուստի ծախսերը հոգում են մարզիկներին Հայաստան գործուղող կազմակերպություններն ու հովանավորները: Քանի որ ձմեռային խաղերն առաջին անգամ են անցկացվելու, ես հստակ հանձնարարական ունեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից` այս անգամ մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու նպատակով կազմակերպել նրանց գիշերավարձը, սնունդը, հոգալ բացման եւ փակման արարողությունների, բազաների տրամադրման, մրցումների անցկացման հարցերը: Նախապես ասեմ, որ պետական բյուջեից գումար չի հատկացվել: Մի բան կա, որը, կարծում եմ, շատ ճիշտ ու արդարացված որոշում է: Եթե Սիրիայից պատվիրակություն ժամանի, մենք կհոգանք նրանց բոլոր ծախսերը: Կրկնում եմ` ամեն բան արվելու է հովանավորների միջոցով, որոնց արդեն դիմել եմ:

– Ովքե՞ր են հովանավորները:

– Խաղերի անցկացմանն աջակցողների անունները կհրապարակվեն դրանց ավարտից հետո: Խնդիր կարող է լինել ամառային 6-րդ խաղերի ժամանակ, որը կայանալու է 2015 թվականի օգոստոսին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում: Այն ընդգրկվել է պետական միջոցառումների ցանկ եւ շատ խոշոր մարզական իրադարձություն է լինելու: Ծրագրում ավելացվել է 7-8 մարզաձեւ եւ արդեն ակնկալվում է մոտ 7 հազար սփյուռքահայ երիտասարդների մասնակցություն: Շատ ծանր աշխատանք է սպասվում: Հնարավոր է, որ այդ ժամանակ դիմենք կառավարության աջակցությանը: Թեեւ չեմ բացառում, որ լինեն մեկ-երկու հովանավորներ, որոնք ամբողջ ծախսերը կվերցնեն իրենց վրա: Նշանակություն չունի, թե նրանք որտեղից են: Հայ են: Ու տեսնում են, որ գաղափարը ճիշտ է, լավն է` օգնում են:

– Քանի՞ մարզաձեւից են մրցելու մարզիկները:

– Չորս մարզաձեւ է. դահուկավազք, լեռնադահուկ, սնոուբորդ եւ հոկեյ: Բոլոր մրցումներն անցկացվելու են Ծաղկաձորում, բացի հոկեյից: Այն կայանալու է ՄՀՀ-ում: Սպասվում է, որ հոկեյին կմասնակցի երեք թիմ` Հայաստանից, Կանադայից եւ Ռուսաստանից: Հոկեյիստները բոլորի հետ բնակվելու են Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայում:

– Մոտավորապես քանի՞ մասնակից կլինի:

– Հայտերի ընդունման վերջնաժամկետը մեկնարկի օրն է: Այսօրվա դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 12 երկրների, այդ թվում նաեւ` Հայաստանի եւ Արցախի, 22 քաղաքների շուրջ 400 մարզիկներ: Սա առաջին անգամվա համար պատկառելի թիվ է, այն էլ` ձմեռային մարզաձեւերի համար: Սակայն հայտերի ընդունման օրեր դեռ կան:

– Ասացիք, որ Խաղերը կազմակերպվում են հովանավորների միջոցներով: Վստահություն կա՞, որ մինչեւ վերջին լուման կծախսվի նպատակային:

– Որպես նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի, իմ դերը նաեւ խիստ վերահսկողություն սահմանելն է կազմակերպական բոլոր խնդիրների` թե ծախսերի, թե միջոցառումների անցկացման, թե դրանց որակի վրա: Կազմակերպական հարցերում մեզ օգնում են ՀԱՕԿ-ը, սպորտի պետական կառույցը, ազգային ֆեդերացիաները, տեղական ինքնակառավարման եւ շահագրգիռ բոլոր մարմիններն ու կազմակերպությունները:

– Լինելու են Խաղերի բացման եւ փակման հանդիսավոր արարողություններ:

– Այո: Բացումը կայանալու է ճոպանուղու տարածքում, փակումը` Կեչառիս վանական համալիրի մոտ:

– Հնարավո՞ր է, որ արտասահմանում բնակվող մեր երիտասարդ հայրենակիցներից ոմանք հետագայում հրավիրվեն ձմեռային մարզաձեւերի մեր հավաքականներ:

– Իհարկե, հնարավոր է: Թեեւ, ես մարզական սխրանքների ակնկալիք չունեմ: Բայց եթե կգտնվեն այնպիսիք, որոնք կհետաքրքրեն հավաքականների մարզիչներին ու ֆեդերացիաներին, խնդիրները կլուծվեն:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728