ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եղել է ԳՆ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում, մասնակցել 2013 թվականի գործունեության հաշվետվությանն ու ընթացիկ տարվա խնդիրների քննարկմանը:
Ընդամենը 22 հա հողատարածք ունեցող այս կենտրոնը լուրջ ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսությանը նոր, առավել բերքատու ու դիմացկուն բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերով ապահովելու գործում:
Հատուկ ուշադրություն է հատկացվում տեղական սորտերի գիտական մշակությանն ու փորձարկումներին, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի միջոցներին:
2013 թվականին կենտրոնի կատարած աշխատանքից նախարարը գոհ էր: Թե՛ արտադրատնտեսական ցուցանիշների, և թե՛ գիտահետազոտական աշխատանքների առումով, դրական տեղաշարժ կա: «Սակայն սա դեռևս կենտրոնի հնարավորությունների սահմանը չէ: Դուք չօգտագործվող հսկայական ներուժ ունեք, մասնավորապես, տեղական լավագույն սորտերի ստեղծման և տեղայնացման ասպարեզում: Բնակչության պահանջները տեղական սորտերի հանդեպ գնալով աճում են, ուստի պետք է ավելացնել դրանց սերմերի արտադրության ծավալները»,- ասել է նախարարը:
Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները մորմազգի մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարի միջոցների մշակման ուղղությամբ: Նկատի ունենալով կենտրոնի հողերի սղությունը, նախարարը հանձնարարել է նաև սերմնաբուծության ոլորտում սերտացնել համագործակցությունը մասնավորի հետ: Միաժամանակ կենտրոնի ղեկավարության ուշադրությունը հրավիրվել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության նոր ծրագրերի մշակման անհրաժեշտության վրա:
Արձագանքելով ելույթ ունեցողների մտահոգությանը՝ տեխնիկական պարկի մաշվածության և ձեռքի աշխատանքի մեծ ծավալների մասին, նախարարը խոստացել է հնարավորինս օժանդակել կոլեկտիվին՝ տեխնիկայի թարմացման աշխատանքներում:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն