Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվինա Գյուլումյան. «Հայաստանից Եվրոպական դատարան ներկայացված անհիմն դիմումների թիվը նվազել է»

Փետրվար 21,2014 14:24

«Դա ընդամենը ֆիկցիա է, որ Եվրոպական դատարանի որոշումները ՀՀ օրենսդրության մաս են»,-Aravot.am-ի հարցին`արդյոք եվրոպական նախադեպային իրավունքի կիրառումը ՀՀ-ում կատարվում է պատշաճ մակարդակով, այսպես պատասխանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Փաստելով այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները որպես նախադեպային իրավունք ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մաս են, և ցանկացած գործով փաստացի կարող է մեջբերվել ՄԻԵԴ նախադեպը, պարոն Իշխանյանն այսպիսի մտահոգություն հայտնեց. «Դատարանները` որպես կանոն, միջնորդությունները մերժում են` մեկնաբանելով, որ փաստացի հանգամանքները չեն համընկնում: Դե յուրե նախադեպային որոշումները ՀՀ օրենսդրության մաս են, բայց դե ֆակտո դրանք բացարձակ արժեք չունեն, քանի որ դատական ակտերը որոշվում են ոչ օրենքի սահմաններում, այլ ըստ հայեցողության»:

Որպես օրինակ՝ պարոն Իշխանյանը բերեց «Ա1+»-ի գործով վճիռը, երբ որոշումը կայացվել է, բայց բացի փոխհատուցումից, պետք է վերացվեր նաև խախտումը, որը չի արվել:
Հիմնականում նաև այս պատճառով է, որ Հայաստանի դեմ գործերը ՄԻԵԴ-ում մեծ թիվ են կազմում: Այս տարի Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ դիմումների թիվը հազարից ավելի է:

Aravot.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը փաստն այսպես մեկնաբանեց. «Դրանց մեծ մասը ներկայացվել են ադրբեջանցիների կողմից, որոնք հեռացվել են ազատագրված տարածքներից և իրենց սեփականության հարցն են բարձրացնում»:

Տիկին Գյուլումյանից հետաքրքրվեցինք` արդյոք այն փաստը, որ ներկայումս ՀՀ-ի դեմ բազում դիմումներ կան, ՄԻԵԴ-ում չի՞ վկայում այն մասին, որ ՀՀ-ում եվրոպական նախադեպային իրավունքի հետ կապված բազում խնդիրներ կան: Նա այսպես արձագանքեց. «Ցանկացած երկրում այդ խնդիրները կան: Այլ հարց է, թե որ պետությունում դրա կանխման համար ինչ քայլեր են իրականացվում»:

Տիկին Գյուլումյանը նաև տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանի`ՀՀ-ի դեմ գործերով կայացված 46 վճիռներից 20-ը վերաբերում են անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտմանը: Դրանից 16-ի դեպքում խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Նա հույս է հայտնում, որ այս վճիռները ՀՀ դատական համակարգը լրջորեն քննարկելուց հետո համապատասխան հետևություն է արել:

Այն փաստը, որ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ դատական գործերի թիվը նվազել է, տիկին Գյուլումյանն այսպես է մեկնաբանում. «Հաճախ մեր քաղաքացիները լավագույնս տեղեկացված չեն այսպիսի հնարավորության մասին: Ցավոք, հեռու եմ այն մտքից, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, դրա համար ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ դիմումների թիվը նվազել է: Մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ լավ են աշխատում մեր փաստաբանները: Ըստ վիճակագրության` Եվրոպական դատարանը Հայաստանի կողմից ներկայացված դիմումների 80 տոկոսը համարում է քննարկման ենթակա, որը վկայում է, որ ՀՀ-ից Եվրոպական դատարան ներկայացված անհիմն դիմումների թիվը կարծես թե պակասել է, այնինչ մի քանի տարի առաջ իրավիճակն այլ էր»:

Տիկին Գյուլումյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ում գտնվող երկու հնչեղ գործերին` «Խաչատրյանը և այլք` ընդդեմ ՀՀ-ի» և «Մելիքյանն` ընդդեմ ՀՀ-ի» գործերը: Առաջինի դեպքում այլընտրանքային զինծառայությունից խուսափելու համար անձը ենթարկվել է քրեական հետապնդման, այն դեպքում, երբ այդ պահին քրեական պատասխանատվություն նախատեսված չէր: Երկրորդ գործը վերբերում է այն հանգամանքին, որ կառավարության որոշումը գանգատարկել ցանկացող քաղաքացու համար ներպետական օրենսդրությամբ չի գտնվել որևէ օրենսդրական մարմին, որտեղ նա կարող էր իր քաղաքացիական այդ իրավունքը որևէ կերպ պաշտպանել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728