«Դե!մ եմ» նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ նրանք ներկայացրին իրենց տեսակետը «Էլիտ Պլազայում» ընթացող կենսաթոշակային համակարգի հարցով երրորդ տարեկան միջազգային համաժողովի ներկաներին եւ լքեցին համաժողովը:
Քննարկումն ընթանում էր Կենտրոնական բանկից ներկայացուցիչների եւ այլ հյուրերի հետ: Պետք է լիներ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն Դավիթ Մանուկյանի խոսքով՝ իրենց ներխուժման պահին վարչապետն այնտեղ չէր: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ դուրս եկած հասարակության ներկայացուցիչներ չկային:
Դավիթ Մանուկյանը մեզ ասաց, որ ներկաներին կազմակերպիչները հավատացրել էին, թե շահագրգիռ անձինք չեն ներկայացել, այնինչ շահագրգիռ անձանց՝ հանրությանը, ովքեր դեմ են արտահայտվում համակարգին, չէին զգուշացրել համաժողովի մասին:
Սակայն «Դե!մ եմ» նախաձեռնության անդամներն իմացել էին համաժողովի մասին եւ ներխուժել քննարկման սենյակ, ներկայացրել իրենց դիրքորոշումն ու փաստերը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ եւ դուրս եկել:
Կարդացեք նաև
Մեր հարցին, որեւէ հակափաստարկներ չեղա՞ն, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ ներկաները որեւէ բան չկարողացան ասել:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ