Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյան. «Լեզուն ոչ ոքի չի խանգարում»

Փետրվար 21,2014 14:17

Փետրվարի 21-ին «Հայելի» մամուլի ակումբի հյուրն էր Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Հայաստանի Հանրապետության լեզվի տեսչությունն ունի հսկողական, տեսչական գործառույթներ, ոչ առանց գործադիր գործառույթների: Արդեն որքան ժամանակ է՝ խոսվում է Լեզվի տեսչության ամբողջական կազմավորման մասին: «Մենք վերահսկում ենք ինչ-որ մի բան, մի կողմից դա լավ է, բայց մենք չենք նպաստում լեզվին առնչվող խնդիրների լուծմանը»,- ասաց պրն Երիցյանը:

Ասուլիսի ժամանակ Սերգո Երիցյանն առանձնացրեց երեք հիմնական խնդիրներ՝ օրենսդրական դաշտի կարգավորումը, հստակեցումը և ամբողջացումը: Այժմ օրենսդրական դաշտում կան չկարգավորված խնդիրներ, որոնք երբեմն խանգարում են Լզվի տեսչության գործունեությանը՝ շատ հաճախ հանգեցնելով դատական քաշքշուկների:

Պրն Երիցյանը ցանկանում է, որպեսզի Լեզվի տեսչությանը տրվեն տեսչության իրավունքներ. «Մենք արձանագրում ենք վարչական խախտումները, ապա դիմում դատարանին և խնդրում, որ դատարանը սահմանի տուգանք՝ խախտման համար»:

Պրն Երիցյանը խոսեց նաև ցուցանակների և գովազդների մասին: Իր խոսքերով՝ գովազդի և ցուցանակների սահմանումները պետք է հստակ տրվեն, որպեսզի պարզ դառնա, թե որն է գովազդ, որը՝ ցուցանակ:

Մեկ տարվա ընթացքում եղել են լեզվի տեսչական բարեփոխումներ, այդ բարեփոխումները սահմանել են ռիսկային բարեփոխումների ձևը: Ռիսկային բարեփոխումների հիման վրա ստեղծվել են ստուգաթերթեր, որոնք իրենց մեջ ներառում են բոլոր ոլորտները: Այդ ստուգաթերթերի միջոցով ուսումնասիրվում են բոլոր հնարավոր վարչական խախտումները: «Հենց սկզբից յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ ծանոթ է ստուգաթերթերին և գիտի՝ ինչ հարցադրումների պետք է պատասխանի, և դրա հիման վրա իրականացվում է ստուգումը, սա շատ կարևոր եմ համարում, սա ռիսկային ստուգման հիմքն է»,- մեջբերեց Սերգո Երիցյանը:

Այս բարեփոխումների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում 6 մլն դրամ մուծվել է պետական բյուջե, որը տուգանքների արդյունք է: Պրն Երիցյանի խոսքերով՝ հիմնական խախտումներն արձանագրվել են հրապարակային գրվածքի՝ ցուցանակների և գովազդային հրապարակային գրվածքների հետ կապված:

Սերգո Երիցյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ցուցանակի վրա պետք է գերիշխի հայերենը, մյուս բոլոր լեզուները կարող են զուգակցել: «Վերջին 2 տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, իհարկե մենք չենք կարող ամեն մեկի ձեռքը բռնել. երբեմն զգուշացնում ենք, երբեմն՝ տուգանում»,- նշեց Երիցյանը:

Հաջորդ խնդիրը, որի մասին բարձրաձայնեց Սերգո Երիցյանը, լեզվաքաղաքականության պետական ծրագրի ընդունումն էր: «Մենք վերահսկում ենք, բայց կարիք կա լեզվաքաղաքական պետական ծրագրի ընդունման, որը հնարավորություն կտա լեզվին առնչվող որոշակի խնդիրներ լուծել: Կարիք կա անհրաժեշտ լեզվական բառարանների, ձեռնարկների պատրաստումը, և տերմինաբանական խորհրդի գործունեությունը: Վերջին 7 տարիների ընթացքում տերմինաբանական խորհուրդը չի գործում՝օրենսդրության բացի պատճառով: Օրենսդրություն մշակելիս մի քանի օրենքներ մի փաթեթում են գտնում, և եթե մեկը չի ընդունվում, տուժում են նաև մյուսները: Լեզուն ոչ ոքի չի խանգարում»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728