AC/DC-ն 2014-ի հետ կապված լուրջ մտադրություններ ունի: Անցած շաբաթ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Gater՚s 98.7 ռադիոկայանին տված հարցազրույցում ավստրալիացի ռոքերների երգիչ Բրայան Ջոնսոնը բացահայտել է, որ խումբը պատրաստվում է նոր երաժշտություն ձայնագրել, ինչպես նաեւ պլանավորում է խմբի 40-ամյակին նվիրված հոբելյանական շրջագայություն ձեռնարկել: «Դե, դուք առաջինը կլինեք, ով այդ մասին կիմանա, – հարցազրույցի ժամանակ ասել է Ջոնսոնը, – իսկապես, քանի որ մենք շարունակ ամեն ինչ ժխտում էինք, որովհետեւ մենք համոզված չէինք… բայց ինձ թվում է, որ մենք ստուդիա կմտնենք մայիսին, Վանկուվերում: Ինչը նշանակում է, որ մենք պետք է սկսենք նախապատրաստվել»: Եթե այն, ինչի մասին խոսում է Ջոնսոնը, AC/DC-ի նոր ալբոմն է, ապա այն կդառնա խմբի առաջին նոր ձայնասկավառակը 2008-ի Black Ice-ից հետո: Հիշեցնենք, որ անցած գարնանը AC/DC-ի բաս կիթառահար Քլիֆ Ուիլիամսն ասել էր, որ Անգուս Յանգն ու Մալքոլմ Յանգը զբաղված են նոր երգեր գրելով, սակայն նոր ձայնասկավառակի հետ կապված որեւէ ժամանակացույց այդ պահին դեռ չկար:
Ռադիոկայանին տված իր հարցազրույցում Բրայան Ջոնսոնը նաեւ պատմել է, որ AC/DC-ն հատուկ շրջագայություն է պլանավորում, որով խումբը կնշի իր 40-ամյակը: «Արդեն 40 տարի է, ինչ խումբը գոյություն ունի, – շարունակել է Ջոնսոնը, – այնպես որ, ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք 40 համերգ նվագել, 40 շոու` մեր շնորհակալության խոսքն ուղղելու երկրպագուներին՝ նրանց չնվազող նվիրվածության համար: Ի նկատի ունեմ, ազնվորեն` մեր երկրպագուներն աշխարհում ուղղակի լավագույնն են, եւ մենք գնահատում ենք նրանցից յուրաքանչյուրին: Այնպես որ, ինչպես արդեն ասացի, մենք պետք է դա անենք, չնայած նրան, որ մենք մի փոքր ծանրաշունչ ենք դառնում: Գիտե՞ք ինչ. արդեն չորս տարի է անցել մեր վերջին շրջագայությունից, եւ ես իսկապես անհամբեր սպասում եմ դրան»:
Անցած ամիս The Cowhead Show ամերիկյան ռադիոհաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում Բրայան Ջոնսոնն ասել էր, որ նոր ձայնասկավառակի հետաձգման պատճառը խմբի անդամներից մեկի` մի քանի տարի առաջ ունեցած լուրջ առողջական խնդիրներն էին, սակայն նա հրաժարվել էր բացահայտել այդ անդամի ինքնությունը: «Ես հույս ունեմ, որ այս տարի մենք նորից կհավաքվենք միասին: Մեր տղաներից մեկը մի փոքր հիվանդացել էր, եւ ես ոչինչ չեմ կարող ասել, բայց նա արդեն կազդուրվում է: Նրա գործերը հրաշալի են: Լիակատար ապաքինումն ամբողջապես ակնկալվում է: Ես կարոտում եմ իմ ընկերներին: Հրաշալի է, երբ մենք միասին մեկ տեղում ենք հայտնվում: Երբ էլ տղաները հավաքվեն միասին, ես ոգեւորվում եմ: Տղաները, մի որոշ ժամանակ անց, վերցնում են կիթառները, Ֆիլն անցնում է հարվածայինների մոտ, Քլիֆը հանում է իր բաս կիթառը եւ հանկարծ այդ աղմուկն է ի հայտ գալիս, եւ ես այնտեղ նստած եմ` այդ հին լայն ժպիտը դեմքիս»,- ասել էր երգիչը:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ