Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնատար անձանց բավականին պատկառելի խումբ չի հետեւում օրենքի պահանջին». Աշոտ Մելիքյան

Փետրվար 21,2014 14:01

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի թափանցիկության ապահովման հիմնական գործիքը կա եւ պետք է լինի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վեբ կայքը»,- այսօր՝ փետրվարի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքերով՝ շատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են պաշտոնատար անձինք կատարում Հանրային ծառայության մասին օրենքը, որը պահանջում է ամեն տարի՝ մինչեւ փետրվարի 15-ը, հրապարակել իրենց հայտարարագրերը այդ կայքում.
«Այս տարվա փետրվարի 15-ը արդեն անցել է, եւ ըստ օրենքի՝ բոլոր պաշտոնատար անձինք արդեն պետք է հրապարակած լինեին այդ կայքում իրենց հայտարարագրերը»:

Պարոն Մելիքյանն ասաց, որ անցած տարի անցկացված հետազոտության արդյունքում՝ կայքում գրանցված 660 բարձրաստիճան պաշտոնատար անձանցից 338-ը չէին ներկայացրել իրենց հայտարարագրերը. «Դա 50 տոկոսից ավելին է, փաստորեն՝ այդ անձանց 50 տոկոսից ավելին խախտել էր օրենքը»։

2013 թվականի վերջին արված մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզ էր դարձել, որ 662 բարձրաստիճան պաշտոնատար անձանցից միայն 21-ը հայտարարագիր չէր ներկայացրել, 48-ը խախտել էր ժամկետը, իսկ 11-ը չէր նշել ներկայացման ամսաթիվը:

Պարոն Մելիքյանը վստահ է, որ նրանք նույնպես խախտել էին ժամկետը, որովհետեւ առաջին փուլում այդ հայտարարագրերը չէին եղել: Նրա խոսքերով՝ նկատվել է, թե ինչպես նրանցից ոմանք էլ փորձել են հետին թվով հայտարարագիր ներկայացնել. «Ակնհայտ է՝ պաշտոնատար անձանց բավականին պատկառելի խումբ չի հետեւում օրենքի պահանջին եւ չի կատարում»:

Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ հետզհետե ակտիվանում են աշխատանքները մի համակարգի վրա, որի միջոցով էլեկտրոնային եղանակով կարող է ստուգվել հայտարարագրի հավաստիությունը.
«Այդ հավաստիությունը մտահոգիչ է, երբ դու բացում ես կամ հերթը հասնում է այն հայտարարագրերին, որոնք որ բաղկացած են մամլո հաղորդագրություններից, հասարակության մեջ հայտնի գնահատականներից: Եթե մենք նայենք հարուստ մարդկանց մասին, ապա այնտեղ շատ համեստ տվյալներ են ներկայացված, եւ միտք է առաջանում՝ միգուցե հեռուստամարաթոն արժի անցկացնել՝ այդ մարդկանց գումար հատկացնելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728