Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրեն. «Գյուղական դպրոցի ինչի՞ն է պետք վարկանիշավորումը»

Փետրվար 21,2014 13:12

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանության վերաբերյալ քննարկում: Մասնակցում էին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի, ԿԳՆ, «Դպրոց-կենտրոնների» միության եւ ավագ դպրոցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ փորձնական փուլի արդյունքները չեն կարող համարվել վերջնական: Փոխնախարարի խոսքով, այս տարի կվերանայվի մեթոդաբանությունը, չափանիշները, դպրոցների խմբավորումը եւ կիրականացվի հիմնական փուլը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնեց,որ չեն կասկածում փաստաթղթի կարեւորությանը: Նաեւ փաստեց, որ 2009-ին, երբ «Հանրակրթության մասին» օրենքում արտաքին գնահատման կարգն էր հաստատվում, դա տանում էր դեպի վարկանիշավորում: Կարինե Հարությունյանը կոչ արեց տարբեր մարզերի դպրոցների տնօրեններին իրենց դիտարկումները ներկայացնել եւ ակտիվորեն մասնակցել քննարկմանը

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ իրենց կառույցը ողջ տարվա ընթացքում համակարգելու է աշխատանքը, արդեն բացահայտել է մի շարք խնդիրներ: Նա համոզված է, որ պետք է տարանջատել հարցաթերթերը՝ միջնակարգ, հիմնական եւ ավագ դպրոցների համար, որպեսզի տնօրենները հստակորեն կարողանան լրացնել դրանք: Պարոն Պողոսյանը կարծում է, որ որոշ ցուցանիշներ, ուղղակի չեն աշխատում: Խոսքը վերաբերում է դպրոցները ավարտած հեղինակավոր մարդկանց մասին կետին, որտեղ մեծ է սուբյեկտիվ լինելու վտանգը: «Ցանկացած ցուցանիշ պետք է չափելի լինի, դա է վարկանիշավորման հիմքում ընկած, հուզական չափանիշները չափելի չեն»,-հավելեց ԿՏԱԿ-ի տնօրենը:

Նրա խոսքով, վարկանիշավորման նպատակն է օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա ստանալ վարկանիշային ցանկ, որտեղ դպրոցները տեսնելով իրենց թույլ կողմերը՝ կուժեղացնեն դրանք. «Որեւէ դպրոցի հատուկ առաջ մղելու խնդիր չունենք»:

Վաղարշապատի 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը տարակուսանք հայտնեց, որ մի շարք ցուցանիշներով առաջնային դիրքերում են՝ մասնավորապես դպրոցի ակտիվությամբ առաջին տեղում են, սակայն կառավարման արդյունավետությամբ 108-րդ տեղում: Ըստ տիկին Սաֆարյանի, կարծես որոշ չափանիշներ օբյեկտիվ չեն:

Արտակ Պողոսյանը մանրամասնեց, որ այդ ամենը պայմանավորված է կառավարման արդյունավետությամբ. «Կառավարման արդյունավետության տակ նկատի ունենք , նախ և առաջ, ֆինանսական կառավարումը»: Ըստ նրա, օրինակ` շատ դեպքերում պետությունը գումար է տալիս դպրոցի ֆինանսավորման համար, սակայն պարզվում է դա ուղղվել է վարչական աշխատողներին:

Փոխնախարար Հարությունյանն էլ փաստեց, որ աշխարհում վարկանիշավորման հիմքում երեխաների առաջադիմության օբյեկտիվ ցուցանիշներն են. «Արտաքին գնահատումների վրա են հենվում ամբողջ աշխարհում եւ հանգում են ֆինանսական արդյունավետությանը: Հայաստանի պարագայում չենք հենվելու միայն նրա վրա, ինչ արվում է աշխարհում, եթե կլինի օբյեկտիվ, չափելի չափանիշների առաջարկ, դրանք եւս կներառենք»:

Դպրոցի տնօրեններից մեկը համաձայն չէր այն ցուցանիշի հետ, թե քանի աշակերտ է սովորում արտասահմանյան բուհում. «Դպրոցը այստեղ ի՞նչ կապ ունի, մարդը գնում է արտերկրում սովորելու, քանի որ ֆինանսապես ապահոված է, գուցե մեր դպրոցը փայլուն աշակերտներ ունի, որոնք ֆինանսական ապահովության պատճառով չեն կարող մեկնել արտերկիր սովորելու»:

ԵՊՀ-ին կից Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը խոսեց գյուղական դպրոցների անունից: Նա անիմաստ է համարում վարկանիշավորումը, օրինակ 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցի համար: Նավասարդյանի խոսքով, գյուղական դպրոցի համար ամենամեծ վարկանիշը իր ծնողներն ու աշակերտները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728