Հայաստանի կուսակցությունների մասին էսպես երկար-բարակ խոսելով` ակամայից եկանք էն եզրակացության, որ մեր կուսակցություններն ու կուսակցականները ոչ էնքան քաղաքական էություն ու ուղղվածություն ունեն, ինչքան` ընկերային, ավելի ճիշտ` ընկերական:
Եվ դրանք հիմնականում հիմնված ու կառուցված են ընկերական ու անձնական շահի ( շահերի) վրա. այսինքն, դրանք, ըստ էության, ոչ թե քաղաքական կուսակցություններ են, այլ` ընկերական ու անձնական շահերի վրա հիմնված խմբավորումներ: Եվ առավել կոպիտ բնորոշումից խուսափելու համար՝ թայֆա բառից խուսափում ու խուսանավում ենք, մինչդեռ հենց էդ բառն է լավագույնս արտահայտում մեր քաղաքական ( քաղաքակա՞ն) կուսակցությունների բուն էությունը: Եվ ինչքան էլ մեր քաղաքական կոչված կուսակցություններն իրար նկատմամբ ատելություն են տարածում ու սփռում, դրանով առանձնապես չեն հաջողացնում տարբերվել իրարից, որովհետև իրենց` միմյանց հանդեպ մշտապես տարածվող ատելությունը ոչ միայն փոխադարձ է, այլև` համարժեք: Եվ հավանաբար նաև էդ հանգամանքն է պատճառը, որ տվյալ փոխատելությունը ժամանակ առ ժամանակ չափազանց հեշտությամբ վերածվում է փոխադարձ սիրո, բայց, այդուհանդերձ, դրանից ատելությունը չի պակասում, և ոչ էլ առանձնապես սեր է գոյանում, որովհետև իրենք իրար ատելիս և իրար սիրելիս ոչ միայն իրար մասին չեն մտածում, այլև շարունակում են չտեսնել ու չնկատել իրար, այլ միայն` իրենք իրենց, իսկ ավելի ճիշտ` իրենց շահը, և ավելի ստույգ` իրենց նյութական ու անձնական շահը: Եվ չնայած իրենք ոչ թե անձ են, այլ` մի ամբողջ կուսակցություն, այդուհանդերձ, յուրաքանչյուրն իր կուսակցությունն ու կուսակցական շահը գերադասելով ու սիրելով` առաջին հերթին իր իսկ անձնական շահն է գերադասում ու սիրում:
Եվ եթե իրավիճակի փոփոխության պատճառով ( շնորհիվ ) մի կարճ ժամանակով մի քանի կուսակցություններ որևէ հարցի շուրջ ժամանակավորապես միավորվում են, էդ միավորումն առանձնապես երկար չի տևում, որովհետև կուսակցություններից յուրաքանչյուրն էդ միավորման մեջ իրեն իբրև առաջատար ու առաջնորդ է տեսնում ու երևակայում:
Եվ էդ կարգի միավորման շորշոփներ հիմա` էս պահին էլ են նկատվում, որովհետև գարնանամուտ է, և հյուսիսից ու արևմուտքից որոշակի քամիներ են ակնկալվում ու սպասվում:
Եվ որ ամենակարևորն ու ամենաէականն է, ժողովրդի համբերության բաժակը ոնց որ թե բերնեբերան է լցված, և դա նշան է, որ ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր կուսակցությունները վերստին կակտիվանան, և նրանցից յուրաքանչյուրը կփորձի ապացուցել, որ հատկապես ու առանձնապես ինքն է միակ արմատական ընդդիմադիրը: Եվ նրանցից յուրաքանչյուրը կփորձի համոզել, որ հատկապես ու առանձնապես ինքն է կոչված տիրություն անել բողոքավոր ու հուսալքված ժողովրդին: Եվ նրանցից յուրաքանչյուրը հնարավորինս շռայլ խոստումներ կտա բողոքավոր ու հուսալքված ժողովրդին: Եվ հուսալքված ու բողոքավոր ժողովուրդն էլ իր հույսը ճարահատյալ նրանցից մեկնումեկի հետ կկապի, որովհետև եղածներն ու մեր ունեցածը սրանք են, և մեր ընտրությունը սրանցից պիտի կատարենք:
Եվ տա Աստված, որ մեր հաջորդ ընտրյալները նախորդներից լավը լինեն, բայց որ հաջորդներն էլ են մերոնցից լինելու, դա փաստ է, և որ ապագա կուսակցություններն էլ են մեր քաղաքացիներից կազմվելու, դա ևս ակնհայտ է:
Եվ առավել ակնհայտ է, որ առաջիկայում էլ են նորանոր կուսակցություններ առաջանալու, որովհետև բազմակուսակցական համակարգում ամբողջ իշխանությունը պատկանում է կուսակցություններին, ավելի ճշգրիտ` կոնկրետ որևէ կուսակցության: Եվ չնայած ցանկացած կուսակցություն էդ հանգամանքը թաքցնում է` անկուսակցականներին ու բոլորին հավատացնելով, թե իր իշխանության գալուց հետո ամբողջ իշխանությունը պատկանելու է ժողովրդին, և չնայած անկուսակցական ընտրողները հետ են վարժվել բոլորեքյան ու կուսակցական էդ խոստումներին հավատալուց, այդուհանդերձ, հասկանում ու գիտակցում են նաև, որ չհավատալն էլ առանձնապես ելք ու ճանապարհ չէ, և չհավատալը լավագույն դեպքում ներկայիս իրավիճակի շարունակությունն է:
Այսինքն, ժողովրդի ու անկուսակցական ընտրողներիս հույսը վերստին հավատն է: Ուզենք թե չուզենք, պիտի շարունակենք հավատալ, որ ընտրությունը մերն է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ