Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Այդ ընդդիմության հետ ես չեմ աշխատում». «Իրատես de facto«

Փետրվար 21,2014 11:38

Հատված պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

Պարոն Շիրխանյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, և դրանով ի՞նչ հարց կլուծվի։

– Այդ ընդդիմության հետ ես չեմ աշխատում և չգիտեմ նրանց մտքին ինչ կա։ Ես էլ եմ ուզում իմանալ, թե դրանով ինչի են ուզում հասնել։ Եթե նրանք ներկայացրել են հանրությանը Հայաստանի տնտեսական զարգացման, այս վիճակից դուրս բերելու ծրագիր և դրա համար դիմում են այդ քայլին, հասկանալի է և մեկնաբանելի։ Եթե այդ ընդդիմության անդամներն այսօրվա կառավարության կազմի հետ անձնական խնդիրներ ունեն ու այս ճանապարհով են փորձում լուծել, նույնպես հասկանալի է, բայց, անշուշտ, բացասական տեսանկյունից։

Ոչիշխանական ուժերի ներկայացուցիչները համոզված են, որ իրենց այդ նախաձեռնությանը կմիանան նաև արտախորհրդարանական ուժեր։ Եթե Ձեզ նման առաջարկ արվի, ինչպիսի՞ն կլինի արձագանքը։

– Եթե տեսնեմ դաշտում խոր վերլուծությունների վրա հիմնավորված իրատեսական ծրագիր, որը կապահովի Հայաստանի ազգային անվտանգության քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնիկական, դեմոգրաֆիկ, բնապահպանական, ինֆորմացիոն, պարենային, մշակութային և այլ բաղադրիչների պահանջների կատարումը, իհարկե, կողջունեմ ու կմիանամ։ Բայց ես այդպիսի ծրագիր չեմ տեսնում ո՛չ իշխանության, ոչ էլ ընդդիմության դաշտից։ Ավելին, տնտեսական զարգացման և, որպես արդյունք, գոնե արտագաղթի կանխման ու ժողովրդի վճարունակության բարձրացման խնդիր քաղաքական օրակարգում չեմ տեսնում։

Ընդդիմության հայտարարությունները, տնտեսական վիճակի շուրջ մեկնաբանությունները, վերլուծությունները ի՞նչ են։

– Դրանք հատվածային մոտեցումներ են։ Մեկը խոսում է կուտակային ֆոնդի մասին, մյուսը՝ գազի գնի, որ դրանք բացասական հետևանքներ կունենան։ Երրորդն էլ՝ տրանսպորտի երթևեկության արժեքի մասին։ Իհարկե, ցավոտ խնդիրներ են, բայց դրանք օդից չեն ընկել։ Դրանք խիստ հատվածային են, որոնց լուծումը չեմ կարող համարել Հայաստանի զարգացման համար բավարար գործունեություն։ Հարկավոր է համապարփակ ծրագիր, որով պետք է երևա, որ Հայաստանում սկսվելու են գործընթացներ, որոնց արդյունքում կզարգանան և՛ Մեղրին, և՛ Ճամբարակը, և՛ Վարդենիսը, և՛ Երևանը,

և՛ դպրոցները, և՛ հիվանդանոցները, և՛ գյուղերը։ Ահա այդպիսի ծրագիր եմ ես սպասում։ Եթե ընդդիմությունը չի կարող դա անել, ապա թող իշխանությունն անի՝ իր վստահության ռեսուրսներն ամրապնդելու համար։ Համոզված եմ, որ միայն իրական վիճակը անթաքույց ներկայացնող, տարիների ընթացքում ծանրացած խնդիրների հասկանալի և իրատեսական լուծումներ առաջարկող ծրագիրը կարող է դառնալ հայ հասարակության համախմբման հիմք: Բայց ոչ մեկի օրակարգում չեմ տեսնում նման ծրագիր։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728