Եթե օրինակ՝ խնդիր ունենանք ղազախական ապրանքների հետ, այդ վեճերը կքննարկվեն Եվրասիական հանձնաժողովում, սակայն, եթե հանձնաժողովի որոշումը չբավարարի՝ հարցը կվիճարկվի Եվրազեսի դատարանում, որի որոշումը վերջնական է: Այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում, ներկայացնելով Մաքսային միության անդամակցության շրջանակներում ձեւավորված խմբերի աշխատանքները՝ ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը:
Եվրասիական հանձնաժողովի որոշումը պարտավոր են ի կատար ածել մեր հարկադիր կատարման մարմինները:
Պավել Ղալթախչյանը նաեւ ասաց, որ Եվրասիական հանձնաժողովին իրավասություն է տրվելու գործերի քննության ժամանակ, որպեսզի ՀՀ ՏՄՊՊՀ-ից ստանա որոշակի փաստաթղթեր: Տուգանքները կփոխանցվեն այն երկրի բյուջե, որի տարածքում գրանցված է տվյալ սուբյեկտը:
Ըստ նրա, ընդհանուր առմամբ, Հայաստանի մրցակցային օրենքները համապատասխանում են ՄՄ մրցակցության մասին օրենքներին, հետեւաբար օրենքները համապատասխանեցնելու առումով մեր երկիրն այդքան շատ անելիք չունի:
Կարդացեք նաև
Նշենք, որ արդեն կնքվել է մրցակցության միասնական սկզբունքների համաձայնագիր, որով սահմանվել են ՄՄ անդամ չորս պետությունների տարածքում ապրանքների ազատ շրջանառության միասնական սկզբունքներ եւ կանոններ, մրցակցության խթանում եւ այլն: Էկոնոմիկայի գլխավոր խորհրդական, հակադեմպինգային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի պատասխանատու Արա Պետրոսյանը նշեց, որ որեւիցե ռիսկեր մեր տնտեսվարողների համար չկան:
ՀՀ էկոնոմիկայի հարցերով նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանի ներկայացմամբ, ՄՄ անդամակցության հետ կապված անհարժեշտ է, որպեսզի ի թիվս այլ համաձայնագրերի՝ Հայաստանը միանա նաեւ մտավոր սեփականության բնագավառին վերաբերող երկու համաձայնագրերի: Իսկ թե տարբեր երկրներում, սակայն նույն ապրանքանիշի համընկման դեպքում ինչպե՞ս պետք է լուծվի այդ խնդիրը, պարոն Խաչիկյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ