«Ավտոպրոմը» Ռուսաստանի իշխանությունները որոշել են պաշտպանել արտասահմանյան ավտոարտադրողներից եւ հսկայական, այսպես կոչված՝ վիշապային մաքսեր են սահմանել այլ երկրներից ներկրվող մեքենաների համար։ Տեսականորեն, դրանով ռուսական «Ավտոպրոմը» հնարավորություն է ստանում ապահովել իր արտադրանքի վաճառքը ներքին շուկայում, դրանից ստանալ ֆինանսական օգուտներ, այդ ֆինանսները ներդնել արտադրության մեջ, ստանալ ավելի որակյալ մեքենաներ, ավելի շատ վաճառել դրանք, ավելի շատ եկամուտներ ստանալ եւ այսպես շարունակ։
Ու այսպես՝ զուտ տեսականորեն, պետք է զարգանար ռուսական ավտոարդյունաբերությունը։ Գործնականում, սակայն, վիճակը բոլորովին այլ է։ Ռուսական արտադրության մեքենաների որակը չի աճում, գինը չի իջնում, ու ստացվում է, որ «Ավտոպրոմը» պաշտպանելով՝ ՌԴ իշխանությունները իրականում արջի ծառայություն են մատուցում ավտոարտադոողներին։
Ու նույն վիճակն է Ռուսաստանի տնտեսության բոլոր ոլորտներում, սկսած արդյունաբերությունից՝ վերջացրած գյուղատնտեսությամբ։
Երբ Հայաստանի տնտեսության կախվածությունը ՌԴ-ից պայմանավորված է հիմնականում այդտեղից ստացվող տրանսֆերտների ծավալներով, այս նրբությունները մեզ այդքան էլ չպետք է հետաքրքրեն։ Բայց երբ Հայաստանի տնտեսությունը յոթմղոնանոց քայլերով գնում է դեպի ՄՄ եւ դառնում է այդ տնտեսության բաղադրիչը, սա արդեն ուղղակիորեն դառնում է մեր երկրի ապագայի հարցը։
Կարդացեք նաև
Խնդիրն այն է, որ ելնելով տնտեսության այսպիսի «զարգացումներից»՝ ՌԴ իշխանությունները կսկսեն որոշակի քայլեր ձեռնարկել։ Նրանք կամ պետք է ընդօրինակեն տնտեսական քաղաքականության արեւմտյան մոդելը, երբ տնտեսությունը առաջ է շարժվում կատաղի մրցակցության պայմաններում եւ միայն դրա շնորհիվ, ստիպված անընդհատ արդիականանում է, կամ էլ պետք է ավելի շատ «պաշտպանեն» սեփական արտադրողին։
Առաջին տարբերակը գոնե տեսանելի ապագայում եւ գործող մենթալիտետի պայմաններում պարզապես բացառված է։
Իսկ երկրորդ տարբերակի պայմաններում մենք լինելու ենք առաջին տուժողները։ Այդ «սեփականի» մեջ հայաստանցի արտադրողները, բնականաբար, չեն մտնում։
Մեր արտադրողները ռուսական շուկա դուրս գալուց անընդհատ հանդիպելու են ինչ-որ խոչընդոտների։ Դրա վերջը, իհարկե, կլինի Մաքսային միության, իսկ հետագայում նաեւ Եվրասիական միության փլուզումը, բայց դա տարիներ կտեւի։ Եվ այդ տարիների ընթացքում մեր՝ առանց այն էլ կենդանության նշաններ հազիվ ցույց տվող տնտեսությունը «կզրկվի թթվածնից», քանի որ արդեն իսկ դարձած կլինի ռուսական տնտեսության բաղկացուցիչ մասը, որից ռուսները֊ կձգտեն օր առաջ ազատվել։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում