Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քառասունմեկերորդ
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
Եվ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «այսինքն, Անանիայի մասին լրիվ ճիշտ ե՞ս գրել», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ծերից ծեր», եւ Արիկը խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էն կաբելի պատմությունն էլ ա՞ ճիշտ», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Բարդուղն Արիկին հարցրեց՝ «ի՞նչ կաբել», եւ Արիկը խղճահարությամբ նայեց Բարդուղին ու ժպտալով ասաց՝ «կյանքից հետ ես մնացել», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «համ կյանքից ես հետ մնացել, համ էլ՝ գրականությունից», եւ Արիկը ժպտալով Բարդուղին ասաց՝ «ուշքդ ու միտքդ ազգի փրկության հարցերն են», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «Ջավախյանի էս վերջին գրածները չեմ կարդացել», եւ Օրթախը փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «որ կարդայիր, կիմանայիր, որ մերոնք էլ աշխարհի հզորներից պակաս գործեր չեն անում», եւ Արիկը փռթկացնելով Օրթախին հարցրեց՝ «էդ կաբելի պատմությունը նկատի ունե՞ս», եւ Աբոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «թեկուզ», եւ Անանիան հանկարծակի ու անսպասելի աղաղակեց՝ «էդ կաբելի պատմությունը ծերից ծեր սուտ ա», եւ որոշ ժամանակ լռություն տիրեց, եւ որոշ լռությունից հետո Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «եթե նույնիսկ սուտ ա, շատ հետաքրքիր պատմություն ա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ես կարող ա՞ հանճար եմ, որ կարենամ էդ տեսակ պատմություն հորինեմ», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «կարող ա հանճար ես՝ վրեդ խաբար չկա», եւ Հայկունին ծիծաղելով Արիկին ասաց՝ «որ վրեն խաբար չըլներ, նույնիսկ մտքի ծերով Նոբելյանը չէր անցնի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «թող Աստված ձեններդ լսի», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «այսինքն», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «այսինքն, թող հանճար ըլնեմ», եւ Բարդուղը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «մեռնեմ համեստ ջանիդ», եւ Ջոնը փռթկացնելով ասաց՝ «Լիպոն լավ էլ անունը դրել ա», եւ Բարդուղը Ջոնին հարցրեց՝ «Լիպոն ո՞ւմ անունն ա դրել», եւ Ջոնը փռթկացնելոմվ պատասխանեց ու ասաց՝ «էս Ջավախյանի», եւ Հայկունին ժպտալով Ջոնին հարցրեց՝ «Լիպոն Ջավախյանի անունն ի՞նչ ա դրել», եւ Ջոնը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Համեստ Լյովիկ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Ջոնին ու հարցրեց՝ «էդ ուստիցդ ե՞ս մեջբերում անում, ադա», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «իրա ուստեն ո՞վ ա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Արիկին ու ասաց՝ «Ամենագետ Լիպարիտը» եւ քամահրանքով ավելացրեց՝ «Լիպոն համ Ջոնի ուստեն ա, համ էլ՝ քո», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Լիպոն ի՞նչ գծով ա Ջոնի ու Արիկի ուստեն», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ամենագիտության» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «հանրագիտարանային գիտելիքների գծով», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հանրագիտարանային գիտելիքների գծով ավելի շուտ Ջոնը կարա Լիպոյի ուստեն ըլնի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ Ջոնը Լիպոյի չափ գիտելիք ունի», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «տեղեկությունն ու ինֆորմացիան դեռեւս գիտելիք չեն, տղա ջան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտեմ», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «էդ էր պակաս, որ էդ հասարակ բանը չիմանայիր», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «ուզում ես ասես՝ իրանք գիտելիք չունե՞ն», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ո՞վ գիտելիք չունի», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Ջոնն ու Լիպոն», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդ կա՝ համ ինֆորմացիա ունի, համ էլ՝ գիտելիք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես հաստատ էդ մարդկերանցից չեմ», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «դու ոչ ինֆորմացիա ունես, ոչ էլ՝ գիտելիք», եւ Բարդուղը ժպտալով Արիկին ասաց՝ «ինքը ամենակարեւորն ունի», եւ Արիկը Բարդուղին հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Բարդուղը նայեց Ջավախյանին ու ժպտալով ասաց՝ «տաղանդը», եւ Ջավախյանը հիացած նայեց Բարդուղին եւ ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ադա, դու համ ինֆորմացիա ունես, համ էլ՝ գիտելիք», եւ Բարդուղը հիացմունքով նայեց Ջավախյանին ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որ ասում եմ տաղանդավոր ա՝ չեք հավատում», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «Ջոնը հավատում ա», եւ Ջոնը զարմացած նայեց Արիկին ու հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ հավատում եմ», եւ Արիկը մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «որ չհավատայիր, իրան չէիր զանգի ու խաշի չէիր հրավիրի», եւ Հայկունին փռթկացնելով ավելացրեց՝ «պերսոնալնի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էդ մարդը մի անգամ ճիշտ բան ա արել, հազար անգամ էրեսով տվիք», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «քո պես տաղանդավոր մարդուն ո՞նց կարար խաշի չհրավիրեր», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «Ջավախյանին որ տաղանդավոր ես ասում, հաճույքից ուղղակի հալվում ա», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «Ջավախյանին որ տաղանդավոր ես ասում, հետո վրից քրֆես էլ, չի նեղանա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Արիկին ասաց՝ «նայած թե՝ ինչ քրֆես», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «Ջավախյանի համար փառքը հայրենիքից էլ ա թանկ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խոսքը գրական փառքի մասին ա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով հարցրեց՝ «գրական փառքից էլ ե՞ս խաբար, ադա» եւ մի քիչ մտածեց ու գոռաց՝ «չես զգո՞ւմ, որ արդեն չափդ անցնում ես», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ժպտալով ասաց՝ «որ ձենդ բարձրացնում ես, կարող ա՞ մտածում ես՝ կվախենամ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու արհամարհական ժպտալով Անանիային հարցրեց՝ «կարող ա՞ հերոս էլ ես, ադա», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «հերոս չեմ, բայց քո իմացած վախկոտներից էլ չեմ», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «շա՜տ երախտամոռն ես, հա՜», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ երախտամոռ», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «Անանիան քեզ տաղանդ ա ասում, բայց դու իրան նիզաշտո նեղացնում ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «ինքը ինձ առեւտրի իմաստով ա տաղանդ ասում», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «բա ի՞նչ իմաստով էիր ուզում ասեր», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսեի», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային, հետո նայեց Հայկունուն ու քմծիծաղով ասաց՝ «որ պետք ըլնի, ես էլ իրան կարամ տաղանդ ասեմ», եւ Հայկունին փռթկացնելով հարցրեց՝ «իրան ի՞նչ գծով տաղանդ կասես», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «քաղծառայողի քննության գծով»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ