Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի շուկայի տարածքի ընդլայնման գործով վճռի դեմ վերաքննիչ բողոքը մերժվեց

Փետրվար 20,2014 20:57

Իջեւանի քաղաքապետարանն անցյալ տարի քաղաքացիական հայց է ներկայացրել «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի դեմ գործարքն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր պահանջներով: Քաղաքապետարանը դատարանին հայտնել է, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի 2005թ. փետրվարի 24-ի թիվ 30 որոշմամբ Իջեւան քաղաքի Երեւանյան թիվ 1 հասցեում գտնվող 448 քառակուս մետր մակերեսով հողամասն առանց մրցութային կարգի, 90 տարի ժամկետով, տարեկան 12 հազար դրամ վարձավճարով, շուկայի ընդլայնման նպատակով վարձակալությամբ տրամադրվել է «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ին:

Որոշումը կայացնելու համար հիմք է հանդիսացել քաղաքաշինության խորհրդի դրական եզրակացությունը եւ կառավարության 2003թ. մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշման 8-րդ գլխի 44-րդ կետի Է) ենթակետը: Որոշման հիման վրա 2005թ. մարտի 9-ին Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ նոտարական կարգով կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր եւ կատարվել պետական գրանցում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացնելիս  հաստատել է , որ Իջեւանի շուկայի հարեւանությամբ, միջպետական ճանապարհի կողքին գտնվող այդ հողամասի նպատակային նշանակությունը եղել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, մինչդեռ պետական գրանցման մատյանում եւ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում հողամասի նպատակային նշանակությունը նշվել է որպես բնակավայրերի եւ առկա չէ որեւէ ապացույց լիազոր մարմնի կողմից հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ: 2013 թ. հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Իջեւանի քաղաքապետարանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ 2005 թվականի մարտի 9-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը եւ որպես հետեւանք անվավեր ճանաչել 448 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2005թ. մարտի 14-ին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը: «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը քննելով, ի թիվ այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Իջեւանի շուկայի տնօրինության այն փաստարկներին, թե Իջեւան համայնքը սույն գործով պատշաճ հայցվոր չէ, քանի որ հողամասը հանդիսանում է պետական սեփականություն: Վերաքննիչ դատարանը նշել է, որ վարձակալության պայմանագիրը կնքվել է սույն գործով կողմերի միջեւ, հետեւաբար եւ Իջեւանի քաղաքապետարանը եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ն իրավունք ունեն վիճարկել վարձակալության պայմանագիրը՝ ներկայացնելով գործարքն անվավեր ճանաչելու պահանջ: 2014թ. փետրվարի 6-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը(նախագահող դատավոր՝ Ի Վարդանյան) որոշել է վերաքննիչ բողոքը մերժել եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հոկտեմբերի 4-ի վճիռը թողնել անփոփոխ: Վերաքննիչ դատարանի որոշումը մեկ ամսում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728