Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Aravot.am- ի հետ զրույցում վերլուծեց խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը` մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցն արտահերթ օրակարգ մտցնելու, նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հետաձգելը:
Թե իրականում ինչ տեղի ունեցավ, ինչը հետ պահեց այս չորս ուժերին, որ որոշեցին հետաձգել իրենց նախաձեռնությունը, Վիգեն Հակոբյանը հետեւյալն ասաց. «Այս չորս ուժերը ընդհանրապես բավականին տարբեր նպատակներ ունեն, եւ հիմնականում այդ բոլոր նախաձեռնությունները, որ իրենք իրար մեջ որոշում են իրականացնել, հիմնականում PR նպատակ ունի: Եվ այդ PR նպատակները շատ դեպքերում պահի համար են արվում, իսկ, քանի որ նրանք, ընդհանուր առմամբ ապագայի նկատմամբ տեսլական չունեն, դրա համար էլ շատ դեպքերում որոշումն ընդունելուց հետո հետ են քաշվում: Առավել եւս, որ ընդդիմադիր շատ ուժեր, ինչպես փորձը ցույց է տվել, սերտաճած են գործող իշխանության հետ: Սա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ, ինչ-որ բան հայտարարելով, իրենց կարծիքով PR դիվիդենտներ քաղելուց հետո սկսում են ամեն մեկը իրեն բնորոշ աշխատաոճով շարժվել, պայմանավորվել այս կամ այն թեւերի հետ»:
Վիգեն Հակոբյանի մեկնաբանմամբ`քանի որ այս նախաձեռնությունները ավելի շատ PR դիվիդենտներ շահելու համար են, համենայնդեպս չորս ուժերին թվում է, որ շատ դեպքերում իրենք այդ դիվիդենտները ստանում են, ապա հետ քաշվում:
Վիգեն Հակոբյանի խոսքով` ամենակարեւորը այն է, որ նրանք ընդհանուր տեսլական չունեն, թե ինչ պետք է անեն հետո:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ` ձեր խոսքից կարել է եզրակացնել, որ այս նախաձեռնությունները կյանքի չեն կոչվի, Վիգեն Հակոբյանը նշեց.
«Ես չեմ կարող այդպես չոր այո, կամ, ոչ ասել, համենայնդեպս պրակտիկան ցույց է տվել, որ ինչ-որ բանի մասին հայտարարելով, երբ կոնկրետ գործ է պետք անել, այդ ուժերը խոսքից գործի չեն անցնում: Նույնը հենց կուտակային հետ կապված եղավ, բավականին խրոխտ տոնով որոշումներ էին ընդունում, բայց այդպես էլ խոսքից գործի չանցան: Դա բնական է, որովհետեւ եթե վերլուծենք այս չորս ուժերին, ապա իրենք բավականին տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչի են ուզում հասնել, նույնիսկ հայտարարելով, որ ընդդիմադիր են, շատ դեպքերում իրենց գործելաոճով բացարձակապես այդպիսի կեցվածք չեն ընդունել եւ գործելաոճը անհասկանալի է:
Կարելի է ասել, որ ընդդիմադիր են, եւ որեւէ գործողություն, որը բնորոշ է ընդդիմությանը չանել, դա, ուշ թե շուտ բերում է նրան, որ զանգվածները, որոնց վրա ընդդիմությունը պետք է հենվի` եթե օրինակ խորհրդարանում ընդդիմությունը փոքրամասնություն է կազմում, բնական է, որ որեւէ որոշում անցկացնել ի վիճակի չէ, բնական է նաեւ այն, որ մի ճանապարհ է մնում` հենվել խորհրդարանից դուրս գտնվող զանգվածների վրա: Իսկ զանգվածներին անընդհատ խոստումներ տալով, ինչ-որ քայլերի մղելով, ուշ թե շուտ հիասթափեցնում են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ