Կառավարության կողմից արդեն որերորդ անգամ գերակա շահ ճանաչված, սակայն այդպես էլ չօգտագործված Ժուռնալիստների միության դիմացի տարածքը՝ Պուշկինի 10 հասցեն, աղբի մեջ կորած է: Մայրաքաղաքի կենտրոնական այս փողոցում, որտեղով ամեն օր երեխաներ են անցուդարձ անում, զբոսաշրջիկներ ու պաշտոնյաներ, ամիսներով աղբի կուտակումներ են: Տարածքում երկու փոքրիկ աղբաման կա, որոնք նույնպես մշտապես լիքն են, բայց հարեւանությամբ թափթփված աղբի ծավալները մի քանի անգամ գերազանցում են աղբամանների աղբը: Այս հատվածում աղբի հարցը ոչ մի կերպ չի լուծվում: Տարածքի սեփականատերը՝ Սամվել Մայրապետյանը, որին օտարել են տարածքը, մաքրություն չի նախաձեռնում, ոչ էլ տարածքն է պատնեշով փողոցից մեկուսացնում, որպեսզի հարեւանությամբ գործող օբյեկտները, բնակիչներն այդտեղ աղբ չթափեն: Կենտրոն վարչական շրաջանի սանմաքրումն էլ պատճառաբանելով, որ տարածքը սեփական է, միայն աղբամանների աղբն է տանում: Արդյունքում, մայրաքաղաքի կենտրոնում ամիսներով հակասանիտարական վիճակ է լինում:
Կենտրոն վարչական շրջանից Aravot.am-ի հարցին ի պատասխան ասացին, որ աղբատար ավտոմեքենաները օրական երկու անգամ աղբը տանում են: Մեր հարցին, թե աղբը չպե՞տք է հեռացվի՝ եթե նույնիսկ սեփական տարածքի մեջ է, սակայն բոլորի աչքի առաջ է եւ անմիջապես փողոցի եզրին է, վարչական շրջանի լրատվության հարցերով պատասխանատուն հայտնեց, որ իրենց աշխատակիցները տեղում կուսումնասիրեն եւ որից հետո կպատասխանեն, թե նման դեպքերում, ով՝ ինչ պարտավորություն ունի՝ տարածքի սեփականատե՞րը պետք է տարածքը փողոցից սահմանազատի, որ աղբ չհավաքվի, թե կենտրոնի սանմաքրումն, այնուամենայնիվ, պետք է տեղափոխի արդեն իսկ հավաքված աղբը, հետո միայն տարածքի սեփականատիրոջ հետ հարցերը պարզի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև