Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խորհրդակցության ընթացքում վերլուծվել և քննարկվել են վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հունվարի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններով իրականացված միջոցառումները, դրանց արդյունավետության բարձրացման աշխատանքները:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարներ, մի շարք վարչությունների պետեր, պատասխանատու սպաներ:
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերի զորամասերում լուրջ աշխատանքներ են տարվել վաշտ-մարտկոց օղակների հրամանատարների մասնագիտական հմտությունների, բարոյակամային հատկանիշների կատարելագործման, դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինքնակրթության ուղղությամբ:
Կարդացեք նաև
Զինվորական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ աշխատանք է տարվել զորամասերում կարգապահության ամրապնդման, բռնարարքների, ինքնախեղումների, հիվանդությունների, դժբախտ պատահարների և միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Միջոցառումներ են իրականացվել նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ուսումնադաստիարակչական և իրավագիտակցության բարձրացման, զորամասերում սանիտարահիգիենիկ պայմանների, բուժսպասարկման, սննդի որակի բարելավման ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զեկուցողներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարություն