«Որոշակի առաջարկներ եղան, վաղը երեւի մինչեւ 12-ը, մեկը բոլորն առանձին իրենց թիմերում կքննարկեն: Ըստ երեւույթին, համաձայնությունը նա էր, որ կարողանանք առաջիկա քառօրյային խնդիրը քննարկել»,- այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության նախաձեռնության քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը:
Aravot.am-ի հարցին`ընդդիմության ներկայացրած առաջարկներն ընդունելի՞ են մեծամասնության համար, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Փաստաթուղթն այնպես գրագետ էր կազմված, որ այն առաջարկությունները, որոնք ընդդիմությունն արեց, կասեի, որ կասկածամտությունից ելած են: Բայց դրանք մենք այսօր կքննարկենք ու կարծում եմ, ընդունելի կլինի նաեւ մեզ համար»:
Նա մեկ անգամ եւս կրկնեց այն մտքերը, որոնք բազմիցս հնչեցրել էին ՀՀԿ-ականները`ընդդիմության համանուն առաջարկը քննարկելիս`իշխանական ուժերը պետք է կարողանան կոռեկտ իրավիճակներով աշխատել, այլ ոչ թե զբաղվեն պոպուլիզմով: «Մեր ներկայացրած նյութերն ավելի խորքային են եւ կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի: Իրենք ցանկանում են խորամուխ լինեն հարցին, մենք էլ նպատակադրում ենք հնարավորություն ստեղծել`ավելի շատ հասարակության համար, քան ինքներս մեզ: Ընդդիմությունը կարող է չհավատալ: Մենք հավատով ենք հարցին մոտենում եւ փորձում ենք քննարկել այնպես, որպեսզի հասարակությունն էլ իրազեկվի»:
Ի դեպ, Գալուստ Սահակյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ-ի հերթական առաջարկը`մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողով ստեղծելու մասին: Ասաց, որ ինքն անձամբ դեմ է, բայց մանրամասները կներկայացնի առաջիկա քառօրյայում`խորհրդարանի ամբիոնից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ