Քիչ առաջ ԱԺ նախագահի մոտ ավարտվեց «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության առաջարկի քննարկումը, որին մասնակցում էին խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները:
Ընդդիմադիր խմբակցություններից ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն արդեն կողմնորոշվել են`կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասացին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկներն, ի դեպ, ըստ տիկին Զոհրաբյանի, ընդունվել են. «Խմբակցությունում դեռ այսօր կքննարկենք, բայց խմբակցության մոտեցումը դրական է: ԲՀԿ-ն կմասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին»: Տիկին Զոհրաբյանն ասաց նաեւ, որ ԲՀԿ-ի առաջարկները, հավանաբար, կընդունվեն, նախնական համաձայնություն կա, բայց չցանկացավ դրանց բովանդակությունը հրապարակայնացնել`չխախտելով պայմանավորվածությունը: «Իհարկե, իրենք շատ վատ արեցին, որ մեր նախագիծը մերժեցին, բայց եթե իրենք բերում են նախագիծ, որտեղ մեր մտահոգությունները արտահայտված են, մենք ինքնանպատակ հակադրվելու խնդիր չենք տեսնում: Մեզ համար կարեւոր է, որ խիստ մտահոգիչ հարցերը քննարկվեն եւ փորձենք այդ հարցերի պատասխանները ստանալ»:
«Ժառանգության» առաջարկները, որոնք հիմնականում վերաբերվել են հանձնաժողովի ձեւավորման կարգին, չեն ընդունվել: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ կուսակցության վարչությունում դեռ կքննարկեն`խմբակցության մասնակցության հարցը: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ մեծամասնությունը հընթացս փոխել է խաղի կանոնները`այս քննարկման ժամանակ նախագծում փոփոխություններ կատարելով, որոնք վերաբերվելու են հանձնաժողովի գործունեության հրապարակայնությանը: Սա ՀԱԿ-ի համար լուրջ խոչընդոտ է եւ դեռ կքննարկվի`հանձնաժողովին մասնակցության նպատակահարմարության հարցը:
Կարդացեք նաև
«Մեր առաջարկներից մեկը չընդունվեց, մյուս`իբր ընդունվել էր կամ իրենք նոր պետք է վերջնական համաձայնեցնեին, բայց հընթացս պարզվեց, որ իրենք փոխել են իրենց բերած առաջարկը: Սա նոր իրավիճակ է ստեղծում»,- լրագրողներին ասաց Լեւոն Զուրաբյանը:
Aravot.am-ի դիտարկմանը, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այնուհանդերձ հակված են մասնակցել, պարոն Զուրաբյանն ասաց. «Ինձ համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նշանակում է բաց գործընթաց: Եթե ժողովրդավարությունը չի պահպանվում, այնուամենայնիվ, պետք է մտածել`մենք մասնակցում ենք, թե`ոչ»:
Aravot.am-ի տեղեկություններով, հանձնաժողովի նիստերը հրապարակային անցկացնելու ՀԱԿ-ի առաջարկին դեմ են եղել նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցությունները`ելնելով այն նկատառումից, որ այդ դեպքում հանձնաժողովի աշխատանքը շոուի կվերածվի`ստվերելով մասնագիտական աշխատանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ