Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգողը նույնիսկ գյուղում չէր բնակվում. Մի ահազանգի հետքերով

Փետրվար 20,2014 17:46

Կապանի տարածաշրջանում գործող «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը մեզ տեղեկացրեց, որ ահազանգ է ստացել Նոր Աստղաբերդ համայնքում հողատարածք ունեցող Սամվել Գաբրիելյանից, որ «Լեռ-Էքս» ՍՊ ընկերության տեխնիկան, ընկերության պոչատար խողովակը ԶՊՄԿ-ի պոչատարին միացնելու նպատակով, քանդում է վարձակալության իրավունքով իրեն պատկանող 2.8 հա խնձորի այգին (մոտ 400-ից ավելի ծառ): Արմեն Փարսադանյանը ահազանգի հետքերով եղավ դեպքի վայրում, որտեղից էլ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պարզաբանեց իրավիճակը:

«Սա բնապահպանական միջոցառում է, ողջունում եմ այդ նախաձեռնությունը, ճիշտ քայլ է, քանի որ պոչամբարի պարզվածքը մինչեւ օրս գետով էր գնում` ապականում էր գետի բուսական եւ կենդանական աշխարհը, իսկ պոչատարի կառուցումից հետո արդեն պոչատարով կանցնեն այդ ջրերը: Բայց խնդիրն այն է, որ ընկերությունը հրաժարվում է համագործակցել վարձակալած հողատարածքներ ունեցող բնակիչների հետ: Պոչատարն անցնելու է Նոր Աստղաբերդ, Գեղի եւ Լեռնաձոր համայնքներով: Նշել են, որ գյուղապետերի հետ համագործակցել են, որեւէ խնդիր չկա, իսկ Նոր Աստղաբերդի գյուղապետն էլ ինձ հետ ունեցած զրույցում հայտնեց, որ մյուս հողօգտագործողները տվել են իրենց համաձայնությունը, միայն տվյալ բնակիչն է բողոքում», – նշեց Արմեն Փարսադանյանը:

Վերջինս հանդիպել է նաեւ շինարարական աշխատանքների պատասխանատուին եւ հորդորել, որպեսզի համագործակցեն համայնքի ղեկավարների եւ բնակիչների հետ, նախապես փոխհատուցեն, որից հետո անցնեն աշխատանքի: «Պատասխանատուն հրաժարվեց, ասաց՝ մենք այդքան ժամանակ չունենք, 2 ամսվա մեջ պետք է 25 կմ պոչատար կառուցենք, ժամանակի խնդիր ունենք», – հավելեց Արմեն Փարսադանյանը:

Լսեցինք նաեւ Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանի պարզաբանումը, որը հավաստիացրեց, թե գյուղացիները ողջունում են այդ նախաձեռնությունը եւ բացի ահազանգած բնակչից, այլ դժգոհողներ չկան: Գյուղապետի խոսքով` դժգոհող բնակիչն արդեն 4 տարի է Երեւանում է բնակվում եւ այգին անտերության է մատնել, ստիպված գրություն են ուղարկել, որպեսզի դադարեցնեն պայմանագիրը նրա հետ եւ հողատարածքը տրամադրեն պարտաճանաչ բնակչի:

«Ահազանգողը նույնիսկ գյուղում չի բնակվում, Երեւանից էր զանգում: Անպատասխանատու մարդ է, 180 հատ պտղատու ծառ եմ տվել, որ այգին մշակի, հիմա 70-80 հատ ծառ հազիվ է մնացել, չի մշակում: Պոչատարը դեռ չեն անցկացրել, նոր են աշխատանքները սկսում, տեխնիկական աշխատանքների ժամանակ ընդամենը 2 խնձորենի է վնասվել, այդ աշխատանքների պատասխանատուն խոստացել է նոր ծառեր տնկել: Բնակիչների հետ համաձայնեցվել են, նրանք դեմ չեն, շատ գոհ են, որ պոչատար են անցկացնում, քանի որ Գեղի գետն այլեւս չի աղտոտվի, պոչատարն անցնելու է Գեղի գետի երկայնքով, եւ ընդամենը 3 բնակչի հողատարածքով` ցանկապատի հարեւանությամբ»,- նշեց Նոր Աստղաբերդի գյուղապետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Տվյալ դեպքում անկարևոր է,թե բնակիչը որտեղ է ապրում ու այգին ինչ վիճակում է: Չորը թացից պիտի անջատել. դա բնակչի մեղքը չէ(ր),որ սկզբից պոչատարը/պարզվածքը գետի միջով են ‘կառուցել’: Պոչատար/պարզվածք գե՞տի միջով: Սա չլսված սկանդալ-հանցագործություն է. որտե՞ղ էին համապատասխան պետական բնապահպ.մարմինները,երբ սա «կառուցվում» էր:

    Նույնքան զարմանալի և խոսուն է այն փաստը,որ հանքային ռեկետից տուժվող բնակիչները ոչ թե համապատասխան պետական բնապահպ.մարմիններին են դիմում, այլ «Կայուն զարգացում» հ/կ-ին կամ նմանատիպ ՀԿ-ներին:Այսինքն՝ նաև այս հարցում Սյունիքում/Հայաստանում պետությունը ԲԱՑԱԿԱ է. կամ էլ լավագույն դեպքում չնչին ԳՐՈՇՆԵՐ է որպես «տուգանք» նշանակում:

    Առնվազն/գոնե շնորհակալություն Արմեն Փարսադանյանին՝ իր ջանքերի համար. նույնը Մերի Սողոմոնյանին՝ նյութերը հրապարակելու համար:

  2. SAMVEL says:

    ԹԵԺ ԳԻԾ › Լեռնահանքային արդյունաբերություն ›

    Պոչատարի անցկացման համար կտրում են խնձորի այգին

    For Laying Tailing Pipe an Apple Orchard to Be Cut
    19:31 Փետրվար 20, 2014

    ԷկոԼուր

    Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի տրակտորները ոչնչացնում են խնձորի այգին: Facebook սոցիալական ցանցում Կապանի բնակիչ Սամվել Գաբրիելյանը ահազանգում է. « …Ես ունեմ 2,8 հա խնձորի այգի Կապանի Աջաբաջ ( Նոր Աստղաբերդ) գյուղում: Այսօր այնտեղից զանգեցին ինձ ու տեղեկացրին, որ տրակտորները` այնտեղի Մաքսիմի հանքերի, գցել են և ոչնչացնում են տարիներով աճեցրած, խնամած, տոննաներով խնձորի բերք տվող այգին, որպեսզի այնտեղով հանքի պոչերի խողովակներ անցկացնեն, որը կփչացնի ոչ միայն ողջ այգին, այլև ամբողջ գյուղը»:

    Նշենք, որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն մաքսիմ Հակոբյանին: Նա այն գնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից:

    Սամվել Գաբրիելյանի խնդրանքով ահազանգին տեղում արձագանքել է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, ով ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչատարը միացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատի պոչատար խողովակաշարին: 2 ամսվա մեջ 25 կմ երկարությամբ խողովակաշար պետք է անցկացվի»: Արմեն Փարսադանյանի խոսքով` փաստը ողջունելի է, քանի որ այս աշխատանքներից հետո հանքավայրի պարզվածքները չեն լցվի այլեւս Գեղի գետը, եւ կշահագործվի մեկ պոչամբար: Նա սակայն խնդիր եւս արձանագրեց. «Ընկերությունը չի ցանկանում բանակցություններ վարել բնակիչների հետ եւ փոխհատուցել»: ԶՊՄԿ-ի շինարակական աշխատանքների պատասխանատուն ասել է. «Մենք դրա համար ժամանակ չունենք»:

    Նոր Աստղաբերդ համայնքի գյուղապետ Սուրիկ Թեւանյանն էլ Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ բնակիչներն ի սկզբանե տեղեկացված են եղել եւ կողմ են: Իսկ Սամվել Գաբրիելյանի բարձրացրած ահազանգը վրդովվեցրեց գյուղապետին. «Գոնե գար մի հատ, ինձ հետ խոսեր, իմանար` ինչը ինչոց էր, նոր աղմուկ բարձրացներ: 180 ծառ եմ տվել, ոչ մի անգամ չի մշակել: Արդեն 4-րդ տարի է` ոչ հետաքրքվում է այդ այգով, ոչ էլ վարձն է վճարում: Թողել, գնացել է Երեւան»: Գյուղապետի խոսքով` հատվել է 2 ծառ, սակայն աշխատանքներից հետո ընկերությունը խոստացել է տնկել 12-20-ը:

    Ի պատասխան գյուղապետի խոսքերի` Սամվել Գաբրիելյանը նշեց. «Ես զանգել եմ գյուղապետին, բայց չեմ կարողացել կապվել հետը…Ինչ վերաբերում է վարձավճարին, շուրջ 3 տարի, ինչ սկսվել է հանքը շահագործվել, աշխատողները մտնում են այգի ու փչացնում են ամբողջ բերքը: Այգուց եկամուտ չեմ ստանում եւ հնարավորություն չեմ ունենում վարձը տալ: Բերել են, հանքը կառուցել են Կապանի խմելու ջրի վրա: Բացի այդ, տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ: Շահագործելուց հետո ջուրը կտրվեց, մեքենաներով մտնում են խոտն ու բուսականությունն են փչացնում: Ես այդ ամենը չեմ կարող վերահսկել: Այդքանից հետո, ինչպե՞ս խնամեմ»: Ըստ նրա վերջին տեղեկությունների`արդեն հատվել է 7 ծառ: «Մինչեւ նոր տնկված ծառերը գան, հասնեն կտրված ծառերի տարիքին, ինչքա՞ն ժամանակ կանցնի, ինչքա՞ն բերք են տալու, որ ես եկամուտ կարողանամ ունենալ»,-ասաց նա:

  3. SAMVEL says:

    Հարգելի Մերի հոդվածը գրելիս լավ կլիներ ահազանգող կողմին ևս լսեիք,Ձեր հոդվածը թերի է և տեղեկատվությունը ամբողջական չէ: Ես ք. Երեվանում բնակվում եմ շաբաթվա չորս օրերին միայն, մնացած երեք օրը Կապանում, երբ ես 2001թ.-ին վարձակալեցի այդ այգին նա նույնիսկ ցանկապատ չուներ,ինչպես նաև ես վճարեցի նախկին վարձակալներից մնացած բոլոր պարտքերը համայնքային բյուջեին,որը իմ պարտականությունների մեջ չեր մտնում,այնուհետև կազմակերպեցի այգու ցանկապատումը և խնամումը, իմ վարձակալության օրոք ոչ մի ծառ չի վնասվել և չի պակասել, ընդհակառակը այգու վերևի մասում բազմաթիվ մատղաշ ծառեր են տնկվել, սակայն վերջին տարիներին հանքերի շահագործումից հետո, նրանք սկսեցին ավիրել ողջ այգին, սկզբից ցանկապատը, որից հետո անասունների մուտք գործելու պատճառով փչացավ ներսի խոտը և իմ տնկած մատղաշ ծառերը, վերջին տարիներին հանքի աշխատողները անխնա թալանում են նաև բերքը և եկամուտից զրկելով ինձ, երկու տարվա վարձավճարի պարտք գոյացվեց որից ես չեմ հրաժարվում կմուծեմ երբ որ հանքատերերը ինձ կփոխհատուցեն ամբողջ այս տարիների և հենց այսօրվա ու այս պահին տրված վնասները, փաստորեն վարձավճարները մուծում էի ես իսկ բարիքից օգտվում էին հանքի աշխատողները, մյուս կողմից էլ դրանց տերերը ավելի մեծ գյուղատնտեսական, բնապահպանական և ֆինանսական վնասներ էին և էն հասցնում ևինձ և մնացած գյուղացիներին, վերջիններս էլ հենց վրդոհված էրէգ ահազանգել և տեղեկացրել էն ինձ տեղի ունեցող հերթական վայրագությունների վերաբերյալ, հայտնի պատճառներով նրանք չեն ցանկանում բացեիբաց արտահայտվել:
    Մինչև այդ հանքերի ներխուժումը այդ տարածքներ, այնտեղ ես բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել, այդ թվում դեղաբույսերի բուսաբուժական կենտրոնը, որոնցից օգտվել են և համայնքի բնակիչները և համայնքը, մեր այդ տարածքներում արտադրած թեյը ես անձամբ ինքս եմ տարիներ առաջ տվել Մաքսիմին, այդ թեյից համտեսել են, նախկին նախագահ Ռորերտը, ներկայիս նախագահը, նախկին վարչապետ Ա. Մ.-ն, բազմզթիվ այլ բարձպաշտոնյա այլ անձիք, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ և բազմահազար արդար սովորական հայեր, այս ամենը ֆիկսված են ֆոտոների և բազմաթիվ տեսաձայնագրությունների ձևով սկզբից միչև վերջ, անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն և հանրությունը կտեսնի թե ինչ էր ու ինչ դարձավ թե որն եր իսկական ոսկին առանց շրջակա միջավայրը վնասելու և թե ինչ բարբարոսուրյան են հասել այսօր:
    Հարգելի Մերի եթե դուք արդար լրագրող եք, ու ցավում եք հենց անձամբ ձեր ապագայի համար հրապարակեք նաև իմ կողմից ձեձ տրված նյութը, քանի որ ձեր նախորդ հրապարակումը վերաբերվում էր ինձ առանց ինձնից որևե տեղեկատվություն հարցնելու:

  4. Լևոն Գալստյան says:

    Մեր երկրում բնապահպանական վերահսկողություն կա՞, թե այդ ոլորտում բոլորը կույր են…
    Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն բավական չէ, որ 2010թ.-ին առանց նախագծի և բնապահպանական փորձաքննություն անցնելու կառուցել էր պոչամբար, որի պոչանքները երեք տարի շարունակ լցվում են Գեղի գետը՝ հիմա էլ նույն տրամաբանությամբ սկսել է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը: Առանց նախագծի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության ոչ մեկը իրավունք չունի պոչատար կառուցելու…

    Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հունիս ամսին մենք ահազանգել էինք այս ընկերության կատարած օրինախախտումների մասին, որոնց այդպես էլ պետական լիազոր մարմինները համապատասխան արձագանք չտվեցին:

    Անցած տարվա դեպքերին կարող եք ծանոթանալ տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=MCibzrXkIZY&list=TLP7LRy8zxnJReFMgAwG3yWoiYZl0NL2-j

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հարգելի Լևոն (4) – Ինչու՞ դուք կամ որևէ այլ անհատ (կամ ՀԿ) դատի չի տալիս տվյալ դեպքում «Լեռ-Էքս» ՍՊԸ-ին՝ օրենքը խախտելու համար: Եվ, նույն ձևով, ինչու՞ դատի չեք տալիս համապատասխան պետական բնապահպ.մարմիններին՝ իրենց պարտականությունները չկատարելու համար:

    ՀԳ. Անկախ ժուռնալիստը պիտի՛ պատմության 2 կողմը լուսաբանի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728