Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև տեղեկատվություն` Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նախարար Արմեն Աշոտյանն իր եվրոպացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին: Տիկին Յ. Բուսեմակերը բարձր է գնահատել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները:
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրոպական կրթական տարածքի մարտահրավերների մասին: Այդ համատեքստում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, կարևորվել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ գիտակրթական ծրագրերին երկու երկրների բուհերի համատեղ մասնակցությունը:
Հանդիպման ժամանակ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի եզակի փորձը՝ տարրական դպրոցի պարտադիր կրթական ծրագրերում “Շախմատ” առարկայի ներառման վերաբերյալ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շեշտվել է, որ Հայաստանը և Նիդերլանդները ոչ միայն շախմատային ավանդույթներ և հզոր պոտենցիալ ունեցող, այլև կրթական համակարգի զարգացմանը միտված նորարարական կրթական ծրագրեր իրականացնող երկրներ են:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը Յեթ Բուսեմակերի ուշադրությունը հրավիրել է Նիդերլանդների Թագավորությունում ապրող մեր հայրենակիցների կրթական խնդիրների վրա՝ մասնավորապես, մայրենի լեզվի ուսուցման հետ կապված:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Կարդացեք նաև
ՀՀ պատվիրակությունն այսօր կայցելի նաև աշխարհի լավագույն հարյուր բուհերի ցանկում ընդգրկված Լեյդենի համալսարան:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կոռուպցիայից խոսում է ամենակոռումպացվածը`սափրագլուխ նախարարը…