Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական Մայդանի մղումները, Յանուկովիչի որոշումն ու Կրեմլի ճնշումը

Փետրվար 20,2014 17:29

«Մայդանում հավաքվածների առաջին պահանջը Յանուկովիչի հրաժարականն է»,-այսօր «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ինտերնյուս-Ուկրաինայի լրագրող Անատոլի Մարցինովսկին:

Քաղաքացիական ակտիվիստ Դմիտրո Կրիկուն փաստեց, որ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում չեն գտնվում իշխանության ձեռքում:

Kiev_0009 Kiev_0008 Kiev_0006

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հարց բարձրացրեց, թե Ուկրաինայում վերջին բռնկումները արդյոք Յանուկովիչի անձնական և ինքնուրույն որոշո՞ւմն են, թե՞ Կրեմլի կողմից ուղղորդված, Դմիտրի Կրիկուն պատասխանեց, որ «Յանուկովիչը կարող է իր հույսը դնել ռուսական իշխանության վրա»:

Ինտերնյուս-Ուկրաինայի լրագրող Անատոլի Մարցինովսկին ներկայացրեց իրավիճակը Մայդանում, թե ինչպես են ոստիկաններն ու ուժային կառույցները փորձում շրջափակել ցուցարարներին ու ասաց, որ շուտով սպասվում է «կուլմինացիա». «Կուլմինացիան կլինի այն, որ իշխանությունը կփորձի մաքրել Մայդանը»: Անատոլի Մարցինովսկին տեղեկացրեց նաև, որ ուժային կառույցների համար լրագրողները թիրախային են, նա նշեց, որ բռնության են ենթարկվել ոչ միայն ընդդիմության, այլև անկախ և իշխանական թևի լրագրողները: Դառնալով ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշմանը` Անատոլի Մարցինովսկին ասաց. «ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Մայդանում հավաքվածների տեսանկյունից ավելի ընդունելի է, քան Եվրամիության դիրքորոշումը»:

Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Օլեքսանդրա Մատվիյչուկն էլ ցավով նշեց, որ եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից իրենք են զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են: Նա տեղեկացրեց, որ իրավիճակը սարսափելի է. «Հարյուրավոր ձերբակալվածներ կան, որոնց մոտ անգամ թույլ չեն տալիս, որ փաստաբաններ մուտք գործեն, բազում մարդիկ գտնվում են հիվանդանոցներում»:

Ամփոփելով թեման՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Պարզ երևում է, որ Յանուկովիչը ոչ մի զիջման չի գնա: Կրիմինալ իշխանությունը քաղաքական մեթոդներով չի աշխատում: Ընդդիմություն-կառավարություն երկխոսությունը ոչ մի արդյունք չի տա: Ժողովուրդն ուզում է գնալ Եվրոպա, բայց իրենց տանում են դեպի կրիմինալ դաշտ: Ուկրաինան որակապես տարբերվում է բոլորից` նույնիսկ Վրաստանից: Ռադայում ընդդիմության հսկողության տակ է պահում 45 տոկոս մանդատները, այս երկրում բավականին ազատ ընտրական համակարգ ստեղծվեց: Ուստի ազատությանը սովոր երկիրը մտցնել տոտալիտար բելառուսական համակարգ, անհնար է»: Այս համատեքստում հարց հնչեց` ո՞ւր է գնում Հայաստանը: Պարոն Գրիգորյանը ՀՀ ուղին «անորոշ» համարեց ու նշեց. «ՀՀ-ում բողոքներ կլինեն, բայց չափը կպահպանվի, քանի որ Ուկրաինայի համար եվրոպական ապագան շոշափելի է: Իրենք գտնվում են Եվրոպայի սրտում: Իսկ իշխանություններն ադեկվատ չեն արձագանքում այդ ամենին: Դուք լսե՞լ եք, որ մեզ մոտ ընդդիմությունը եվրաինտեգրացիայի խնդիր դնի, գուցե դա է պատճառը, որ այդքան լարված իրավիճակ չունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728