Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ապա իր գնահատանքը հայտնեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ներկայացուցիչներին` հայ ժողովրդին հուզող խնդիրների լուծման համար ցուցաբերվող զորակցության համար:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին: Նորին Սրբությունը ներկայացրեց նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների արդյունքները, կարևոր նկատեց միջազգային հանրության ջանքերը` տարածաշրջանում խաղաղության կայունացման և վերահաստատման համար:
Զրույցի ընթացքում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոնք վերաբերում էին Կաթոլիկ և Անգլիկան Եկեղեցիների հետ Հայ Առաքելական Եկեղեցու գործակցությանը, Եկեղեցի և պետություն հարաբերություններին, Եկեղեցու ներկայիս գործունեությանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ