1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման:
Այդ առիթով, մայրենի լեզվի պահպանման եւ արժեւորման մասին խոսեցինք գիտական, հասարակական եւ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն այն կարծիքին է, որ օրվա առթիվ պետք է ոչ թե շնորհակալագրեր եւ զանազան պատվոգրեր հանձնել, այլ նախեւառաջ լեզվի պահպանման իրավունքի հարցը բարձրաձայնել:
Ասում է. «Հարկավոր է մայրենի լեզվի նկատմամբ՝ տվյալ դեպքում հայերենի նկատմամբ հոգածություն դրսեւորել, որ այն պաշտպանված լինի, որ այն գործածվի ամենուրեք եւ լավ գործածվի, դպրոցում լավ ուսուցանվի, եւ պետությունն այստեղ պետք է հետեւողական լինի՝ թե դասագրքերի իմաստով, թե դասավանդման մեթոդների, թե ուսուցիչների պատրաստման, հազար ու մի շատ կարեւոր խնդիր կա, եւ դրանց մասին պետք է խոսենք»:
Կարդացեք նաև
Պարոն Գյուրջինյանը լեզվի պահպանման խնդիրներ տեսնում է ամենուր. «Երբ Հայաստանից տասնյակ հազարավոր մարդիկ են հեռանում, օրինակ՝ Ռուսաստան, գիտենք, որ շատ կարճ ժամանակ հետո հեռացածների զավակները կորցնում են հայերենը կամ խոսում են այնպիսի հայերենով, որը բավարարում է միայն կենցաղային հաղորդակցությանը»,- ասում է նա:
Լրատվամիջոցներով օտարալեզու ֆիլմեր են ցուցադրում ամեն օր, անդադար, ինչն, ըստ լեզվաբանի, լեզուն կորցնելու վտանգ է պարունակում. «Պետական հովանավորությամբ ինտելեկտուալ կոչված խաղ են հեռարձակում ռուսերենով, եւ դրան մասնակցում են պետական պաշտոնյաներ եւ անգամ նախարարներ եւ խոսում են օտար լեզվով, բացատրությունը տալիս են այսպես, թե հայոց լեզուն այս խաղին չի կարող բավարարել: Ծիծաղելի է: Հայոց լեզուն գիտության ամենանուրբ հասկացությունները կարող է արտահայտել, արտահայտել է մինչեւ այսօր, եւ հանկարծ ոմանք՝ ռուսական կրթությամբ, հայերեն լեզվին լիարժեք չտիրապետելով, այդպիսի բաներ են ասում: Այ սա լեզվի պաշտպանության խնդիր է, որ մենք պիտի անենք, սա օտարների մեղքը չէ, սա անում ենք մենք՝ մեր ձեռքով, մեր տանը»,- ասում է պարոն Գյուրջինյանը:
Մեր այն հարցին, թե այժմ շատ է քննարկվում՝ Մաքսային միություն մտնելիս Հայաստանում փաստաթղթային գրագրության լեզուն դառնալու է ռուսերենը, հայերենը կորցնելու վտանգ չկա՞, պարոն Գյուրջինյանը պատասխանեց. «Այդ վտանգը մենք արդեն մեկ անգամ տեսել ենք, որ Հայաստանում գրագրությունը շա՜տ-շա՜տ հիմնարկներում իրականացվում էր ռուսերեն, եթե դրա վերադարձը լինի, մենք կտեսնենք նույն պատկերը՝ օտարալեզու դպրոց, որտեղ իրենց երեխաների համար տեղ կապահովեն արեւի տակ: Երբ ասում եմ, որ լեզուն պիտի գործածվի ամենուրեք, նաեւ սա նկատի ունեմ, այն պետք է լինի գործավարության լեզու, այն պետք է լինի պետական, պաշտոնական հաղորդակցության լեզու:
Ըստ Պարոն Գյուրջինյանի՝ հայերենի պաշտպանության հարցով այսօր մեզանում զբաղվում են անհատներ, հասարակական խմբեր, նրանք մեծ գործ են անում. «Բայց մենք ջանքեր ենք կորցնում մեր իրավունքները հաստատելու համար, ու դա պետք է չքննարկվեր անգամ»,-ասում է նա:
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատել է՝ այսօր 25-ից բարձր տարիքի հայաստանցիների մի մեծ բանակ չի կարդում կամ դժվարությամբ է ընթերցում հայերեն գրականություն: «Մեզ շատ ժամանակ դիմում են, ասում՝ Արամ Պաչյանին թարգմանեք ռուսերեն, որ մենք կարողանանք կարդալ: Իսկ սա իր մեջ պարունակում է վտանգը:
Դա նշանակում է նոր լեզվաշերտը չի գալիս, զարգացման պրոցեսը դանդաղում է»,- ասում է նա:
Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ եթե պետությունը հակագրքային քաղաքականություն չվարեր, ապա հնարավոր կլիներ նրա հետ համագործակցությունը: «Մենք խոսել ենք, ժամանակին անընդհատ քննադատում էին, որ Սերժ Սարգսյանը չի գնում գրքի շնորհանդեսների: Միգուցե զուգադիպեց, միգուցե լսեց մեր խոսքը ու նա սկսեց այցելել գրքերի շնորհանդեսների: Ես առնվազն երկու գրքի շնորհանդեսի մասին գիտեմ, ցավոք, երկուսն էլ Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսն էր: Եվ ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Արտաշես Գեղամյանը մեր ամենաճանաչված գրողն է,- ասում է պարոն Մարտիրոսյանը եւ ավելացնում,-
ճիշտ է, մենք մշակույթի նախարարության հետ համագործակցում ենք, շատ հարցերում Մշակույթի նախարարությունը մեր ծրագրերին հովանավոր է կանգնում, բայց ես կարծում եմ, բացի այդ ամենը, պետք է պետության ղեկավարները, յուրաքանչյուրն իր հերթին ցույց տա, որ գիրքը, գրքի բնագավառն այլ է, դա պետք է լինի շատ ավելի մեծ ուշադրության կենտրոնում»:
Մաքսային ամբողջ տարածքում փաստաթղթային գրագրության լեզուն ռուսերեն լինելու վտանգ պարոն Մարտիրոսյանը չի տեսնում, քանի որ կարծում է, որ Մաքսային միությունը այդպես էլ չի կայանա. «Կարծում եմ, որ շուտով ոգեւորությունը կմարի»:
Սակայն, ամեն դեպքում հայերենի պահպանության հարցը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, մեր երկրի բանակցողները պետք է բարձրացնեն: «Լեզվի կորստից հետո իրենք անգամ մի օր չեն մնա իշխանությունում, սա ուղղակի թող իրենք հասկանան»,- ասում է պարոն Մարտիրոսյանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ