Խորհրդարանական ընդդիմության տևական ժամանակ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում համաձայնության չգալը շատ հարցեր է առաջ քաշում, որոնցից մեկը` հնարավոր է, որ ԱԺ չորս խմբակցությունները այդպես էլ համաձայնության չգան և գործընթացը կյանքի չկոչվի: Այսօր համատեղ քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով լրագրողների դիտարկումներին`չբացառեց նաեւ այդ տարբերակը` ասելով. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ի սկզբանե մենք մի սկզբունքով ենք առաջնորդվել` եթե չենք կարողանում հեռանկարային ինչ-որ ավելի մեծ օրակարգով համագործակցության, դա չպետք է խանգարի կոնկրետ քայլերով, համաձայնեցված գնալ առաջ: Եվ սա ավելի աշխատող տարբերակ է: ՀՅԴ-ն այդ սկզբունքին հավատարիմ է, որովհետև ավելի դժվար է լինելու մեծ օրակարգերը համաձայնեցնել, քան կոնկրետ հարցերի շուրջ գալ համաձայնության: Եվ այս ստեղծված որակը պահել մեզ համար կարևոր հարց է` իսկապես քայլ –քայլ առաջ գնալը պետք է պահպանենք որպես սկզբունք և դա չպետք է դիտվի որպես համագործակցության խաթարում և այլն: Տարաձայնությունները իսկապես շատ են և դրա մասին միշտ ասել ենք, որովհետև այնպես չէ, որ եթե կա համաձայնություն, ապա մնացած բոլոր հարցերի շուրջ էլ ենք համաձայն. այդպես չի: Բայց այդ տարաձայնությունները չսրելն է, որ մեր հիմնական մարտավարական խնդիրն է և չպետք է խանգարի քայլ-քայլ առաջ գնալ»:
Պատգամավորի խոսքով` այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հայաստանում անգամ ամենապարզունակ հարցը լուծելու համար հարկավոր է իշխանություն փոխել, քանի որ այդ հարցի լուծումը անընդհատ ձախողում ու մտցնում են փակուղի, ինչն էլ ավելի ու ավելի է համոզում հասարակությանը, որ քանի այս իշխանությունները չեն հեռացել, երկրում ոչ մի հարց չի լուծվի:
Որպես օրինակ նա բերեց նաև ՀՅԴ-ի կողմից առաջարկվող «Նաիրիտի» հարցով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի հիմքում ընկած մտահոգությունները, որոնց թվում նաև տեսնում են կառավարության, իշխանության հետ կապված անհանգստացնող միտումներ. «Երբ եկող շաբաթ քննարկումները կանենք, կտեսնեք, որ այդտեղ շատ լուրջ ու մութ հարցեր կան: Հիմա ինչ տարբերություն` եթե մութ է գազի խնդիրը, մութ է Որոտանի վաճառքի հարցը, մութ մյուս խնդիրներին գումարվում է նաև «Նաիրիտը», խնդրի բովանդակությունը պետք է մեծանա: Այսինքն, ժամանակի ընթացքում այս ապաշնորհ կառավարության գործունեության արդյունքները ավելի ու ավելի են մեծանում ու ակնհայտ դառնում»:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, ապա դրանում Արմեն Ռուստամյանը բարկություն է տեսել, որն, ըստ իր գնահատականի, նշանակում է, որ «մեր վիճակը լավ չի, որ մեր նախագահն այդ բարկության մեջ է»: Նախագահի ելույթի մասով բանախոսը նկատեց. «Այն գնահատականները, որոնք հնչեցվեց… ինձ թվում է հանրապետության նախագահին թյուրիմացության մեջ են գցում իր շրջապատում գործող, այսպես կոչված, մասնագետները: Որովհետև նախագահը պարտավոր չի խորությամբ բոլոր ոլորտների նյուանսները պատկերացնել, գնահատել որպես մասնագետ` ոչ մի նախագահ այդ մեծ դիապազոնը չունի և չի էլ կարող ունենալ: Ուրեմն ինքը շատ է հավատում իր խորհրդատուներին, իսկ նրանց մենք այստեղ տեսնում ենք` ԱԺ-ում: Դե թող գան մեր հետ խոսեն, նրանք գալիս են այստեղ ձախողվում են, հոդաբաշխ պատասխաններ էլ չեն տալիս և ենթադրում են, որ հենց նրանք են գնում նախագահին հարց ու պատասխան տալիս»:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, որ ԵԿՄ-ի համագումարը շատ քիչ էր ԵԿՄ-ի համագումար հիշեցնում, քանի որ հակասում էր հասարակական կազմակերպությունների մասին օրենքին, որոնք չպետք է քաղաքականությամբ զբաղվեն եւ այն ավելի շատ նման էր նախագահի հետ հարցուպատասխանի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ