Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Պետք է պակասեցնել ներմուծվող ապրանքի քանակը եւ սկսել արտադրել մեր երկրում»

Փետրվար 20,2014 15:28

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ներկայացնում էր այն արտոնությունները, որոնք կունենա Հայաստանը Մաքսային միության անդամ դառնալուց հետո:

Պրն Սաֆարյանը հայտնեց, որ ինքը միանշանակ կողմ է Մաքսային Միությանը. «Նրանց համար, ովքեր ռեալ արդյունաբերության մեջ են աշխատում, այս կառույցը ձեռնտու է: Նրանք բոլորը կողմ են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասնական տնտեսական տարածքում գտնվելուն»:

Պրն Սաֆարյանի կարծիքով, Հայաստանի խոշոր արդյունաբերությունները Մաքսային միության մեջ են տեսնում տնտեսության զարգացման հեռանկարները: «Նրանք պահպանել են իրենց գործարանների հիմնական միջոցները եւ սպասել են այս օրվան երկար, որ միասնական տնտեսական տարածքում լինեն այդ երեք երկրների հետ»:

Պրն Սաֆարյանը պնդում է, որ ՄՄ ինտեգրումը նոր տնտեսական մտածողություն է բերելու Հայաստանի համար: «Մենք պետք է այնպիսի ապրանքներ արտադրենք, որոնք կփոխարինեն ներմուծվող ապրանքներին՚՚»:

Նրա կարծիքով մի շարք ապրանքատեսակներ, որոնք ներկրվում են արտերկրից, որոնցից են հացահատիկեղենը, շաքարավազը, կարագը, մսամթերքը, կաթնամթերքը, պիտի փորձել արտադրել մեր երկրում. «35 հազար տոննայից ավել թռչնի միս ենք բերում, սակայն մենք պետք է պակասեցնենք ներմուծվող մթերքի քանակը եւ, ինչպես Խորհրդային Միության տարիներին էր Հայաստանն իրեն ամբողջովին ապահովում հավի մսով, այնպես էլ հիմա պետք է վերականգնենք այդ արդյունաբերությունը եւ այլեւս թռչնի միս չներմուծենք: Դա հնարավորություն կտա վերականգնել նաեւ մեր գյուղատնտեսությունը: Հայաստանն Էլ իր հերթին ՄՄ երկրներ եւ հիմնականում Ռուսաստան կշարունակի արտահանել կոմպրեսորներ, գեներատորներ էլեկտրական չափիչ սարքեր, ինչպես նաեւ պահածոներ եւ չիր »:

Պրն Սաֆարյանը հույս է հայտնում, որ ՄՄ անդամակցությունից հետո Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր կբացվեն:

Պրն Սաֆարյանը հայտարարեց, որ Հայրենական ապրանք արտադրողների միությունը վերջերս նամակ էր ստացել Ռուսաստանի մեքենաշինարարների միությունից, որոնք արդեն Բելառուսի արդյունաբերական ձեռնարկությունների ասոցիացիայի եւ Ղազախստանի ձեռնարկությունների ազգային պալատի հետ միասին ստեղծել են մի համակարգող մարմին. «Մեզ առաջարկել են ինտեգրվել այդ միությանը՝ ասոցացված անդամի կարգավիճակով, քանի դեռ Հայաստանը ՄՄ անդամ չէ: Մեր միությունն արդեն քննարկել է այդ հարցը եւ որոշում է կայացրել, որ նույնպես ցանկանում ենք լինել այդ կոորդինացիոն խորհրդի մեջ: Ռուսաստանը մեծ ներքին մեքենաշինության շուկա ունի եւ բնականաբար իր շուկան պաշտպանելու համար մեծ մաքսեր է դնում դրսից ներկրված մեքենաների վրա, որն էլ Հայաստանում լուրջ դժգոհություն է առաջացրել: Այս մարմնում ընդգրկվելը մեզ հնարավորություն կտա արտոնություններ ստանալ եւ ավելի քիչ խնդիրների առաջ կանգնել մեքենաներ ներկրելիս»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728