Մարտի 9-ին Մեղրու տարածաշրջանի 4 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քարոզարշավն անցնում է առանց մրցակցության:
Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր, Վարդանիձոր, Լեհվազ եւ Ալվանք գյուղական համայնքներում փետրվարի 19-ից մեկնարկած քարոզարշավն առանց մրցակցության է անցնում հատկապես համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված թեկնածուների համար:
Ինչպես տեղեկացանք Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` նշված համայնքներում գյուղապետի պաշտոնի համար պայքարում են միայն գործող գյուղապետերը, քանի որ առաջադրված մյուս թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել:
«Երեք գյուղերում 2-ական թեկնածու էր առաջադրվել ի սկզբանե, իսկ Ալվանքում` 4 թեկնածու: Այստեղ թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել մինչեւ գրանցումը, մյուսը` գրանցումից հետո, իսկ երրորդին մենք ենք մերժել, քանի որ գրավը չէր վճարել», – փոխանցեցին թիվ 38 ԸԸՀ-ից:
Կարդացեք նաև
Մարտի 9-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաեւ Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղում, որտեղ գյուղապետի պաշտոնի համար կպայքարի 2 թեկնածու` գյուղապետ, ԲՀԿ-ական Վյաչեսլավ Մարկոսյանը եւ անկուսակցական Գագիկ Խորիկյանը:
Նույն օրն ընտրություններ կկայանան նաեւ թիվ 37 ընտրատարածքում գտնվող Տորունիք եւ Նժդեհ գյուղական համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար 2 թեկնածու է գրանցված:
Նժդեհում եւ Տորունիքում ՀՀԿ-ական գյուղապետերը կպայքարեն անկուսակցական թեկնածուների հետ: Ի տարբերություն մյուս համայնքների` Տորունիքում համայնքի ղեկավարի երկու թեկնածուներն էլ կանայք են:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ