Այս քառօրյայում ընդդիմությունը կառավարությանը անվստահություն չի հայտնի: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`ոչ իշխանական ուժերի հերթական քննարկման ավարտից հետո. «Կառավարությանն անվստահություն հայտնելու փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են և այս պահին լուծում, վճռահատում չկա»:
Լրագրողների տարակուսանքին պատասխանելով՝ բանախոսը նկատեց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու պահը «դեռ չի հասունացել»:
Հարցին`ինչո՞ւ չեն կարողանում համաձայնության գալ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ դեռ աշխատում են բովանդակային մասով, մարտավարական իմաստով. խոհանոցը չի կարող բացել, բայց քննարկումները կշարունակվեն:
Aravot.am-ի հարցին կառավարության անվստահության հարցը կարելի՞ է ակնկալել հաջորդ քառօրյայում, պատգամավորը տվեց խուսափողական պատասխան. «Չի բացառվում, բայց չեմ էլ կարող հստակ ասել, որ անպայման մյուս քառօրյայում կլինի»:
Կարդացեք նաև
Երկրորդ հարցը, որ քննարկվել է այսօր, վերաբերել է ԱԺ մեծամասնության կողմից առաջարկված գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Քննարկել, փոխանակել են իրենց տեսակետները, ինչպես նաև ամեն խմբակցություն այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված նախագծում որոշակի փոփոխություն-առաջարկներ է ներկայացրել, որոնք էլ այսօր օրվա վերջին ԱԺ նախագահի մոտ կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն. «Մենք մեր մասով էլ ունենք, մյուս բոլոր խմբակցություններն էլ ունեն: Գիտեք` մենք ունեցել ենք մեր նախագիծը, ԱԺ նախագահի կողմից ներկայացվել է մի քիչ այլ ուղղությամբ և բովանդակությամբ նախագիծ և փորձում ենք համադրել մեր երկու կողմերի մոտեցումները: Այսօր, կարծում եմ, ԱԺ նախագահի մոտ կլինի արդեն վերջնական քննարկումը»:
Արմեն Ռուստամյանն նաեւ ավելացրեց, որ այս պահին դեռ հանձնաժողովի անդամների մասին հարցերը չեն որոշվել:
Բացի այս, քննարկել են նաև ՀԱԿ-ի առաջարկը` ԱԺ օրակարգ ներառել մարտի 1-ի հարցերով հանձնաժողովի ստեղծման նախագիծը, որին ՀՅԴ-ն հայտնել է իր աջակցությունը, որպեսզի համապատասխան քանակությամբ ստորագրությունները հավաքվեն:
Իսկ ահա ՀՅԴ-ն հանդես է եկել մեկ այլ` «Նաիրիտ»-ի խնդրով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկով, որի վերաբերյալ, հիշեցնենք, գլխադասային հանձնաժողովը նախօրեին տվել էր բացասական եզրակացություն. «Մեր գործընկերներին տեղեկացրեցինք, որ այդ հարցով մենք նախաձեռնել ենք ` մեր իրավասությունները, հարցը ճանաչել անհետաձգելի և հարցը պետք է քննարկվի երեքշաբթի օրը ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում: Այս հարցում էլ մեր գործընկերների կողմից նորից ստացանք լայն աջակցության հնարավորություն»,- տեղեկացրեց Արմեն Ռուստամյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ