Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային «ախմախության» մեխանիկան

Փետրվար 20,2014 14:40

«Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք»,- ըստ մամուլում հրապարակված պաշտոնական տեքստի (տե՛ս)՝ այսպես ասել է Սերժ Սարգսյանը՝ ԵԿՄ համագումարից հետո պատասխանելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցին: Դրանից մի որոշ ժամանակ առաջ էլ Տիգրան Սարգսյանն էր մի այլ խնդրով բողոքող ցուցարարներին ասել. «Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք» :
Ես չէ, որ պիտի պատասխանեմ այս երկու, ըստ էության, հռետորական հարցերին: Պատասխանելը կթողնեմ ընթերցողին՝ ինքս միայն փաստեր ու մի դիմում շարադրելով:
20 տարի առաջ՝ 1994 թվականին, ես ստանում էի մոտ 20 հազար դրամ աշխատավարձ, որը բավարարում էր, որպեսզի ամսվա մեջ պարտք չանեմ, մանավանդ, որ ամիսը մի 5 հազար էլ պարգեւատրում էի ստանում: Այդ 25 հազարը էն ժամանակ մոտավորապես համարժեք էր 80 դոլարի: Ես երազում էի վաստակել եւս 25 հազար, եւ ոչ մի պրոբլեմ չէի ունենա: Ու եթե այդ թվականին մեկից մի 600 հազար դրամ (ամսական 50 հազարը մեկ տարում հենց էդքան է դառնում) պարտք վերցրած լինեի՝ պայմանով որ 20 տարի հետո, այսինքն՝ 2014 թվականից սկսած 10 տարում (2014-24 թվականներին) իրեն կվերադարձնեմ այդ 600 հազարը (առանց տոկոսների՝ նկատի ունեցեք), ապա այսօր տարեկան 60 հազար, այսինքն՝ ամսական 5 հազար վերադարձնելը ինձ համար արեւածաղկի սերմ չրթելու նման մի բան կլիներ:

Հիմա մոտավորապես նույնը մեր զավակներին ասում է «հայրենի սիրասուն» կառավարությունը: Ասում է՝ դու էսօրվանից ինձ պարտք տուր (առանց տոկոսների՝ նկատի ունեցեք), ես քեզ 23-43 տարի հետո կսկսեմ մաս-մաս վերադարձնել՝ թոշակի տեսքով, մինչեւ քո մեռնելը: 23, առավել եւս՝ 43 տարի հետո այժմյան միլիոնները, որ տարիների ընթացքում երիտասարդությունը կտա անհայտ ինչ-որ ֆոնդերի, ըստ էության արժեք չեն ունենալու, ինչպես որ այսօր արժեք չունի 5 հազար դրամը (դա 1994 թվականին կարգին փող էր), որը ինձ համար դժվարություն չէր լինի վերադարձնել, եթե այն ժամանակ 20 տարով պարտք վերցրած լինեի:

Ու քանի որ 1994 թվականի համեմատ կարգին խելոքացել եմ՝ դիմում եմ հայրենի կառավարությանը՝ հետեւյալ խնդրանքով.
«Դիմում ՀՀ կառավարությանը.
ՀՀ քաղաքացի Մեսրոպ Հարությունյանից:

Սիրելիդ իմ կառավարություն, ինձ շտապ 10 միլիոն դրամ է անհրաժեշտ: Բանկերի տոկոսները բարձր են, վարկերի ժամկետները՝ կարճ: Եվ քանի որ ես կարիք ունեմ «երկար ու էժան փողի» (ձեւակերպումը Սերժ Սարգսյանինն է), խնդրում եմ ինձ պարտքով տալ այդ 10 միլիոնը (առանց տոկոսի), պայմանով, որ այն կվերադարձնեմ 30 տարի հետո՝ 2044 թվականից սկսած՝ 10 տարում: Այսինքն՝ 2044 թվականից սկսած ես տարեկան ձեզ կվերադարձնեմ մեկ միլիոն, այսինքն՝ ամսական 83 հազար դրամ: Ակնկալում եմ ձեր դրական արձագանքը»:

Իմ սիրասո՛ւն կառավարություն, չե՞ք հավատում, որ կվերադարձնեմ: Բայց ես ձեզ երբեւէ խաբե՞լ եմ: Երաշխի՞ք եք ուզում: Բայց մի՞թե իմ՝ մտավորականի՛ խոսքը երաշխիք չէ: Կամ՝ ես հո «ախմախ» չե՞մ, որ իզուր ռեսուրս ծախսեմ: Համ էլ տեղեկանք կներկայացնեմ «Միամիտների համաշխարհային ասոցիացիա» միջազգային կազմակերպությունից, որի նախագահն, ի դեպ, ես եմ, առ այն, որ կազմակերպությունը երաշխավորում է 30 տարի հետո այդ 10 միլիոնի ամսեամիս վերադարձը (10 տարում) հայրենի կառավարությանը:
Ասում եք՝ ես 30 տարի չե՞մ ապրի: Ներողություն արտահայտությանս համար, երկրապահական լեզվով ասեմ՝ «ջանը սաղ լինի» իմ միջազգային կազմակերպության: Այն կվերադարձնի: Չէ՞ որ երաշխավորում է:

Եվ հիմա ես առաջարկում եմ իմ հարգարժան ընթերցողներին, հատկապես 20-40 տարեկան երիտասարդներին՝ նույնաբովանդակ դիմումներ հղել կառավարությանը: Դուք կլինեք հարյուր, հազար, թե երկու հազար հոգի՝ կարեւոր չէ: Կարեւորն է, որ կառավարությունը ստանա այդ դիմումները եւ արձագանքի:

Ի՞նչ եք ասում, սիրելի իմ ընթերցողներ: Երկա՞ր կսպասենք նրանց արձագանքին: Իհարկե: Չէ՞ որ այս կառավարությունը սովոր է միայն հափռելու (հարկային քաղաքականության անվան տակ), բայց տալու, նվիրելու՝ երբեք:

Եվ քանի որ կառավարությունը, հաստատ, ինձ ու ձեզ պարտքով չի տալու այդ գումարը, առաջարկում եմ, սիրելի իմ ընթերցող բարեկամներ, ինքներդ պատասխանեք Սերժ Սարգսյանի «Մենք հո ախմախ չե՞նք» եւ Տիգրան Սարգսյանի՝ «Բա եղե՞լ է, որ մենք ձեզ խաբենք» հռետորական հարցերին:

Ես համաձայն եմ ձեր պատասխանների հետ:
Եվ, այսուհանդերձ, եւս մի բան: Այդ նույն խոսքում Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք քաղաքական ռեսուրս ենք, չէ՞, ծախսում»:

Եթե քաղաքական ռեսուրս ասելով նա նկատի ունի վերջին չորս ընտրություններում իր կուսակցության եւ իր «ստացած» քվեները, ապա բոլորին է հայտնի դրանց մեխանիզմը. ահաբեկումներ, ընտրակաշառք, ազարյանական-մուկուչյանական (ազգանունը էական չէ) նկարչություն…

Այս «քաղաքական» «ռեսուրսը» նրանք, հաստատ, չեն ծախսում:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Մեծարգո պր. Հարությունյան, հաշվի առնելով, որ ամբողջությամբ կիսում եմ Ձեր կարծիքը, խընդրում եմ ընդունել ինձ «Միամիտների համաշխարհային ասոցիացիա» շարքերը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/02/20/433497/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Կարեն says:

    Հարգելի Մեսրոպ. Հիանալի օրինակ բերեցիք, մինչև այսօր այսքան պարզ և համոզիչ մեկնաբանություն չէի լսել։ Կեցցեք։
    Հ.Գ. Ես նույն Կարեն–ը չեմ որը հաղորդագրություն է թողոլ ինձնից առաջ։ Իդեպ՛ ես էլ դեմ չեմ դառնալու հոդվածում նշված ասոցիացիայի անդամ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728