Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ օրից չէ, որ գնացել ենք այս քայլին»

Փետրվար 20,2014 14:01

ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` պարտադիր կուտակայինի դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստներին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին երեկ միացան նաեւ գյումրեցի երիտասարդները, ովքեր հերթով թակելով ՀՀԿ կառույցի դռները` նրանց հորդորում էին զերծ մնալ այսքան անհեթեթ, սոցիալական վիճակը խորացնող, հայ հասարակության մեջ պառակտումներ գցող օրենքից: Սոցիալապես ամենաաղքատ ճանաչված մարզի երիտասարդները պահանջում էին նախ՝ աշխատատեղ ստեղծել, հետո նոր մարդկանց թալանել: Հետաքրքիրն այն է, որ բողոքավորները «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» ցուցապաստառի կողքին չէին մոռանում փակցնել նաեւ «Չենք արտագաղթում» ցուցապաստառը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը երեկ Գյումրիում չէր, հետեւաբար եւ երիտասարդները շարժվեցին ՀՀԿ-ի կուսակցական գրասենյակներ, Գյումրու քաղաքապետարան, որտեղ, ի դեպ, չգիտես ինչու՝ ահաբեկված էին կուտակայինի դեմ բողոք արտահայտող ցուցապաստառներից: Քաղաքապետարանի աշխատակիցները անմիջապես հավաքեցին դրանք` իրենց կառույցի բակում հայտնվելուն պես:
Ինչեւէ, երիտասարդները այս թեմայի շուրջ բավական անկեղծ զրույցի բռնվեցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: Պատգամավորը փորձեց մեկնաբանել օրենքի իմաստը` օրինակներ բերելով նաեւ այլ երկրների փորձից: Իհարկե, նա համաձայնեց ակտիվիստների հետ, որ այն որոշակի վատ ազդեցություն է ունենում տարբեր խավերի վրա: Ակտիվիստները պատգամավորին հարցախեղդ արեցին` խոսելով թե պաշտոնյաների ծառայողական մեքենաների շատ լինելուց, թե Շիրակի մարզում աշխատատեղ չլինելուց եւ թե կուտակայինի համար ընտրված ֆոնդերից: Պատգամավորը սկզբում պարզաբանեց, որ թեեւ այս օրենքի պատճառով շատ բարձր աշխատավարձ ստացող 684 մարդու եկամուտները պակասել են, սակայն երկիրն այլեւս ի վիճակի չէ կենսաթոշակային համակարգը հին ձեւով շարունակելու, այն բարդ իրավիճակ է ստեղծում ու հեռանկարային չէ:

«Մենք գնացել ենք այդ քայլին, որպեսզի կարողանանք գոնե առաջիկայում կամաց-կամաց էսօրվա կենսաթոշակները բարձրացնենք: Եվ երկրորդ` ապագա սերունդներին հնարավորություն տանք իրենց վաստակի դիմաց ստանալ կենսաթոշակ եւ ոչ թե հույսները դնել էդ ժամանակվա իշխանությունների համբերության վրա, որը կկարողանա, ասենք, թոշակ ինչքանով տալ, ինչքանով չտալ, մի խոսքով՝ կենսաթոշակ ապահովել: Եվ երրորդ՝ տեսեք, թե ինչ է. ի սկզբանե անընդհատ նաեւ հարցնում էին, թե ինչու ենք ընտրում արտասահմանյան կառավարիչներ: Գիտեք, եթե տեղից ընտրվեին, կասեին՝ էս ինչ մարդն է, հիմա արտասահմանյան լավագույն կառավարիչները, որոնք միջազգային լավ փորձ ունեն, եկել են: Երկու կառավարիչ արդեն կա, եւ իրենք մասնակցում են դրան»,- պարզաբանեց պատգամավորը: Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ այդ փողերը կներդնեն երկրի տնտեսության մեջ, քանի որ լուրջ ծրագրեր են իրականացնելու, եւ պետությանը այդ փողը շատ է պետք: «1000 պետական ծառայողի համար նախատեսում ենք բնակարան կառուցել առաջիկա երկու տարում՝ ոնց որ երիտասարդ ընտանիքների համար. հիմա որտեղի՞ց ենք անելու, էլի եմ ասում՝ մեր բյուջեում մենք չունենք նման հնարավորություններ, բյուջեն դարձել է զուտ ծրագրավորված բյուջե, այսինքն՝ էնպես չէ, որ ցանկացած ժամանակ բյուջեում կարող ենք ինչ-որ ծրագրի համար գումարներ ավելացնել»,- շարունակեց պատգամավորը: Եվ երբ ակտիվիստները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ պարտադիր ընդունվեց այս օրենքը, այլ ոչ թե ցանկությամբ, պատգամավորը անկեղծացավ՝ ասելով, որ լավ օրից չէ, որ նման քայլի են դիմում: Ակտիվիստները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք փողի ամբո՞ղջ ծավալն է ներդրվելու Հայաստանի տնտեսության մեջ: «Ճիշտն ասած, էսօր ոչ ոք չի կարող ասել, միգուցե եւ փողի զգալի մասը կամ ամբողջ մասը կներդրվի Հայաստանի ծրագրերի իրականացման մեջ, այստեղ որեւիցե ձեւով, որեւիցե տեղ չկա արտացոլված՝ որ մասն է ներդրվելու, որ մասը չի ներդրվելու»,- անկեղծացավ Սուքիաս Ավետիսյանը: Երիտասարդները հակադարձեցին` ասելով, որ եթե օրենքը ընդունվել է, ապա իրենք պարտավոր են իմանալ՝ ինչ ծավալով գումարներ են ներդրվելու Հայաստանի տնտեսության մեջ:

Պատգամավորը նաեւ պարզաբանեց այն հարցը, թե ինչո՞ւ պարտադիր դարձավ օրենքը: «Փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրներում, ոչ միայն Հայաստանում, լուրջ բարեփոխում են անում, եւ եթե էդ բարեփոխումը չես անում կտրուկ, կոնկրետ օրենքի ուժ տալով, ապա դա առաջ չի գնում: Դուք էլ եք ուսումնասիրել. կամավորին որ անցել ենք՝ մինչեւ հիմա քանի՞ հոգի է մասնակցել կամավոր բաղադրիչին: Եթե էս պարագայում մենք թողնեինք կամավոր մնար, ապա էս բարեփոխումները չէին իրականացվի»,- ասաց նա: Իսկ թե ինչո՞ւ են առանց աշխատատեղ ստեղծելու մարդկանց փողը տանում, Սուքիաս Ավետիսյանը երիտասարդներին առաջարկեց ծրագիր ներկայացնել այս ուղղությամբ: Նա ասաց, որ պատրաստ է կանգնել ցանկացած մարդու կողքին, ով Գյումրիում 10, 20, 30 աշխատատեղ կստեղծի:

Այդուհանդերձ երիտասարդները նրանից բաժանվեցին` հորդորելով Հայաստանի ներքին կյանքում ընդվզում, խառնաշփոթ ստեղծող օրենքներ չընդունել, քանի որ ամոթ է նման գործելաոճը: Երիտասարդները պնդում էին, որ յուրաքանչյուր քաղաքի բնակչի հետ պետք է վարվեն՝ ելնելով նրա սոցիալական վիճակից, քանի որ Գյումրիում միջին աշխատավարձը ողորմելի գումար է` 70 հազար դրամը չի գերազանցում, մինչդեռ Երեւանում կյանքն ուրիշ է, անգամ նույն փողոցը հարյուր անգամ են ասֆալտապատում: Սուքիաս Ավետիսյանն էլ իր հերթին հասկացնելով, որ այլ ելք չկա, ասաց, որ պետք է մտածել մարդկանց եկամուտները ավելացնելոււ մասին, որպեսզի վերջ դրվեն նման դժգոհություններին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728