Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները լուրջ բուժման կարիք ունեն»

Փետրվար 20,2014 13:55

Ըստ «Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահի`
այդ խնդիրների լուծումը համալիր մոտեցում է պահանջում

«Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները լուրջ բուժման կարիք ունեն:
«Ապահով զինվորներ` անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում կազմակերպության կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խնդիրները բազմազան են ու շտապ լուծման կարիք ունեն:

«Բանակում առկա խնդիրները բազմազան են: Խնդիր է, երբ շատ դեպքերում զինվորի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն: Մեր փորձագետի եզրակացությունը ցույց է տալիս, որ հետաքննող մարմինը պատշաճ, ճիշտ գործողություններ չի իրականացնում, գործերը փակվում են: Լինում են դեպքեր, երբ անգամ զենքի վրայից մատնահետքերը վերացած են լինում` անկախ նրանից` սպանություն է, թե ինքնասպանություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Էդգար Խաչատրյանը` հավելելով, որ նման խնդիրների բազմաթիվ անգամ են հանդիպել թե նախաքննական մարմինների աշխատանքում, թե դատական համակարգում:

Բացի վերոնշյալներից` նա նկատում է, որ բանակում առկա է նաեւ կանոնադրության կիրառման, կոռուպցիայի խնդիրը:

«Բանակում կանոնադրության կիրառման, կոռուպցիայի խնդիր ունենք: Շատ լուրջ է, երբ ամեն պատահած մարդ կարողանում է դառնալ բարձրաստիճան սպա, եւ գործել այն կերպ, ինչպես ինքն է ուզում` միայն փողեր փակվելով»,- ասում է կազմակերպության նախագահը:

Բանակում կարգուկանոն հաստատելու խնդիրը, սակայն, նրա կարծիքով, չպետք է մնա միայն զինվորի ինքնագիտակցության վրա, պետությունն այստեղ լուրջ անելիք ունի: «Պետության դերը բանակում կարգուկանոն հաստատելն է, ոչ թե այդ հարցը զինվորի ինքնագիտակցության վրա թողնելը, զինվորի ինքնագիտակցությունը կարգուկանոնի հարցում քիչ դեր ունի: Համալիր մոտեցում է անհրաժեշտ»,- նշում է Էդգար Խաչատրյանը` նկատելով, սակայն, որ այդ հարցում պետությանն աշխատեցնողն էլի հանրությունն է:
«Այստեղ ոչ միայն չկա քաղաքական կամք, որպեսզի իշխանությունները լուծեն բանակում առկա խնդիրները, չկա նաեւ քաղաքացիական պահանջարկ, երբ քաղաքացին ինքն է պահանջում իշխանություններից`լուծելու կարգուկանոնի խնդիրը բանակում»,- ասում է հ/կ-ի նախագահը:

Սայլը տեղից շարժելու համար էլ «Խաղաղության երկխոսություն» հ/կ-ի` անցած տարի սկսած «Ապահով զինվորներ` անվտանգ Հայաստանին» ծրագրի նպատակներից մեկն էլ հասարակության մեջ պահանջատիրության մակարդակի բարձրացումն է:
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է ՀՀ զինված ուժերի վերաբերյալ ինտերնետային կայք, բացի այդ` զորակոչային տարիքի խմբի անձանց հետ տարվում են աշխատանքներ` նրանց իրազեկելով բանակում իրենց իրավունքների մասին:

«Թեեւ բանակում տիրող իրավիճակը միայն իրազեկվածության պակասի արդյունք չէ, այնուամենայնիվ, իրազեկ մարդը մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունի իր իրավունքը, իր շահերը պաշտպանելու, պահանջատեր լինելու, այդ քաղաքացիական պահանջարկը ձեւավորելու: Եթե պահանջատեր քաղաքացի ես ձեւավորում, ապա նա ինքն էլ կարողանում է իր պահանջը ներկայացնել»,- եզրափակում է Էդգար Խաչատրյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728