Երեկ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ աչալրջորեն մեկնաբանում էին, որ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի շենքի ճակատից վերջերս օլիմպիական խորհրդանշան 5 օղակները հանվել են եւ դրանց փոխարեն տեղադրվել է բռնցքամարտի ձեռնոց:
Գտնում են, որ այս փոփոխությունն իբր կատարվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրահանգով: Ավելին, լրատվամիջոցներից մեկը կուրծք ծեծելով իր հրապարակման մեջ ամպագոռգոռ բառերով ապատեղեկատվություն է տարածում եւ հետգրությամբ էլ բարոյախրատական քարոզ կարդում: Նախ, անզեն աչքով էլ նկատելի է, որ տնօրինությունը (մեկ ուրիշը դա չէր կարող անել) մուտքում դիզայներական աշխատանքներ է իրականացրել: Եվ ըստ իս՝ բռնցքամարտի ձեռնոցն ավելի համահունչ է այդ մարզադպրոցի մուտքի պատին, քան օլիմպիական 5 օղակները, որն առաջին հերթին խորհրդանշում է 5 մայրցամաքները: Այդ երբվանի՞ց են օլիմպիական օղակները սեփականաշնորհվել որեւէ մեկին, որ նույնացվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Եթե մի փոքր էլ մտածեիք, կհասկանայիք, որ օղակներն ավելի շատ ասոցացվում են օլիմպիական որեւէ չեմպիոնի անվան հետ, այդ թվում նաեւ՝ Յուրի Վարդանյանի: Էլ ո՞ւր եք փոթորիկ անում 1 բաժակ ջրում… Որպես ընթերցող վիրավորված եմ, քանզի ձեր կայքերը չեն առանձնանում տնտեսական, քաղաքական վերլուծական նյութերով, որտեղ էլ պետք է երեւար լրագրողական միտքը, փոխարենը ձեր կարճ մտածողությամբ արտահայտած` «յուղ եք վառում»: Չի կարելի այդ աստիճան պարզունակ լինել եւ հիմարացնել ընթերցողին, անվերջ գրել եղած ու չեղած ինտրիգների մասին, կարծես դրանից բուռն հաճույք եք ստանում եւ իրարից արտագրելով` կայք լցնում…
ԳԱՅԱՆԵ ԱՆԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ