Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գրքի պահանջարկը ինտելեկտն է կանխորոշում»

Փետրվար 20,2014 13:40

Վրաց գրահրատարակիչը զուգահեռներ է տանում հայաստանյան եւ վրացական իրականությունների միջեւ

Այս օրերին Հայաստանում է Վրաստանում գրքի շուկայի առաջատար հրատարակիչներից Բակուր Սուլակաուրին:

bakur

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հրատարակիչն ասաց, որ թեեւ 10 տարի համագործակցում է «Անտարես» մեդիա հոլդինգի հետ (նախագահ՝ Արմեն Մարտիրոսյան), սակայն սա իր երրորդ այցն է մեր երկիր, իսկ գերնպատակը Հայաստանում գրքի շուկայի զարգացումը Վրաստանի մակարդակին հասցնելն է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր ղեկավարած հրատարակչությունը համագործակցում է նաեւ ադրբեջանցի գործընկերների հետ: «Հայ եւ ադրբեջանցի հրատարակիչների հետ սկսեցինք մանկական գրքից՝ «Իմ առաջին հեքիաթներից»: Համոզված ենք, որ երեք երկրներում էլ երեխաների սիրելի հեքիաթների հերոսներն են Կարմիր գլխարկը, բժիշկ Այբոլիտը, Ջրահարսը, Մաուգլին, Կոշկավոր կատուն եւ այլն: Մեկ-երկու օրից ձեր գրախանութներում արդեն կարող եք ձեռք բերել հեքիաթների ժողովածուն»,- հայտնեց պարոն Սուլակաուրին: Հավելեց նաեւ, որ իր հրատարակչությունը նաեւ հայերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն շուրջ 60 անուն դասագիրք է տպագրում, նշելով, թե թարգմանիչների խնդիր Վրաստանում չկա՝ պարզ պատճառով. «Ունենք հայկական, ադրբեջանական, ռուսական համայնք»:
Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ի տարբերություն Երեւանում գործող 10 գրախանութների եւ մոտ 20 վաճառքի կետերի՝ Թբիլիսիում կա 60 գրախանութ եւ 600 վաճառքի կետ:

Բակուր Սուլակաուրիին խնդրեցինք փաստերով ներկայացնել վրաստանյան գրքի շուկայում ու մասնավորապես՝ իր ղեկավարած հրատարակչության առաջընթացը: «15 տարի առաջ, երբ նախաձեռնեցի այս գործը, մեկ անուն գրքի տպաքանակը շուրջ 100 օրինակ էր, հիմա նվազագույնը 700 է: Եթե տպագրում ենք, օրինակ՝ համաշխարհային բեսթսելլեր է, դիցուք՝ պահանջարկ վայելող շվեդ գրող Սթիգ Լարսոն, ապա այս հեղինակի մեկ գիրքը վաճառվում է տարեկան ավելի քան 5000 օրինակ: Այս թիվը գրանցեցինք Լարսոնի «Եռապատումը» գրքի վաճառքից հետո, որում տեղ գտած մեկ գործ՝ «Դաջվածքով աղջիկը» ներկայացնելու հարկ չկա, քանի որ ըստ այդ երկի, Հոլիվուդում ֆիլմ է նկարահանված: Թող չընկալվի այնպես, որ վրացի գրողներն անտեսվում են, ավելին՝ հայրենակցիս՝ Դաթո Տուրաշվիլիի գրքերից մեկի վաճառքը տարվա ընթացքում հասավ շուրջ 9000-ի»,- ասաց պարոն Սուլակաուրին: Ինչ վերաբերում է գրահրատարակչության վրացական շուկային ընդհանրապես, նրա խոսքով. «Դժվար չէ իմ հրատարակչության օրինակով կարծիք կազմել վրաստանյան գրքի շուկայի մասին»:

Հարցին, թե ի՞նչ մեթոդների են դիմում գրքի վաճառք իրականացնելիս եւ գիրքը գնային իմաստով հասո՞ւ է լայն հասարակությանը, հրատարակիչը պատասխանեց. «Վերջերս մենք փորձարկում իրականացրինք, եւ արդյունքներն արդարացրին մեր սպասելիքները: Հրատարակչությունների ներկայացուցիչները հեռախոսով կապվում էին մարդկանց հետ, ինչպես նաեւ անձամբ այցելում նրանց տներ, ներկայացնում գրքերի ցանկը, հետո նոր միայն առաջարկում դրանք ձեռք բերել: Գրքի գինն էլ պայմանավորված է հեղինակի հանրաճանաչ լինելով, արտադրության մեջ ներգրավված մասնագետներին տրված գումարով: Կոպիտ հաշվարկով մեզ մոտ մեկ գրքի արժեքը շուրջ 5000 դրամ է, այսինքն՝ մոտավորապես նույն գինը, ինչ ձեզ մոտ է: Մյուս կողմից՝ համարյա նույնն են մեր եւ ձեր նվազագույն աշխատավարձերի չափերը: Իսկ ավելի կոնկրետ՝ գրքի պահանջարկը ինտելեկտն է կանխորոշում…»:

Շեղվելով թեմայից, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ հիմա որտե՞ղ է Վրաստանը: Բակուր Սուլակաուրին ժպտալով պատասխանեց. «Եվրոպայի, Ասիայի եւ Ռուսաստանի միջեւ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728