Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթների երկխոսությունը» երկխոսում է աշխարհի հետ

Փետրվար 20,2014 13:30

Հարցազրույց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի
նախագահ Սոնա Հարությունյանի հետ

– «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը ստեղծվել է 2012թ. եւ կարճ ժամանակահատվածում իրականացրել է արդեն 11 նախագիծ, որոնցից 9-ը միջազգային են: Ո՞րն էր առաջին իրականացված նախագիծը:

-2012թ. հուլիսի 13-ին Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ Տիգրան Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Նախագծի շրջանակներում հիմնադրամի կողմից նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում է նկարչի ստեղծագործական ընթացքի մասին եւ տպագրվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսի պատկերագիրքը: Վերջինիս արվեստաբանական հոդվածը հեղինակել է նկարիչ-արվեստաբան Արա Հայթայանը:

– Իսկ ո՞րն էր միջազգային մակարդակի առաջին նախագիծը, որում ստանձնել եք կոմիսարի պարտականությունները:

– 2012թ. սեպտեմբերին նորաստեղծ հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Պեկինի 5-րդ միջազգային բիենալեին՝ «Հատուկ ցուցահանդես» ձեւաչափով: Ցուցահանդեսի համադրողն էր նկարիչ-արվեստաբան Արա Հայթայանը, ցուցահանդեսում ընդգրկված էր 11 հայ նկարիչ եւ քանդակագործ, որոնք հանդես էին գալիս երեքական աշխատանքով: Այնուհետեւ 2012թ. հոկտեմբերին Լեհաստանում, Վարշավայի «Թագավորական պալատում» մեր հիմնադրամը ներկայացրեց արվեստագետ Նարեկ Ավետիսյանին եւ նրա Simulacrum նախագիծը:

– Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը գեղանկարչությա՞ն ոլորտն է:

– Ոչ միայն: Սակայն, որպես առաջնային ուղղություն մենք դիտարկում ենք հայ ժամանակակից արվեստը՝ կերպարվեստը: 2013թ. օգոստոսին Վարշավայի «Թագավորական պալատի» ամենամյա «Թագավորական կամարներ» հանրաճանաչ միջազգային փառատոնին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի կապակցությամբ կայացավ Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը: 2013թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 1-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի 17-րդ ամենամյա «Սեւ գիշերներ» միջազգային կինոփառատոնին էլ հիմնադրամը հանդես եկավ «Նոր ձայներ հայկական կինոյում» առանձին ծրագրով: Ներկայացվեց հայկական 17 ֆիլմ: Ծրագրի համադրողներն էին՝ ռեժիսոր Դիանա Կարդումյանը եւ կինոքննադատ Վիգեն Գալստյանը:

– Եթե գաղտնիք չէ, ո՞րն է նոր տարվա առաջին ամիսներին նախատեսված ծրագիրը:

– Այսօր Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիթցբուրգի թանգարանում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ տեղի կունենա «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը եւ Ավանգարդը Հայաստանում. Սերունդների երկխոսություն» լայնածավալ ցուցահանդեսի բացումը: Կհրատարակվի ցուցահանդեսի ընդգրկուն, եռալեզու պատկերագիրքը: Վերջինիս արվեստաբանական հոդվածների հեղինակներն են արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիլհեմ Շլինկը եւ արվեստագիտությունների թեկնածու տիկին Մարի-Քրիստին Ֆրիտչը: Ցուցահանդեսը բաց կլինի արվեստասեր հասարակության համար մինչեւ մայիսի 4-ը: Նշված ժամանակահատվածում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի առաջարկով Մորիթցբուրգի թանգարանում եւ Հալլե քաղաքի կինոդահլիճներից մեկում կցուցադրվեն հայկական ժամանակակից ֆիլմեր, որոնց շարքում են նաեւ Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» եւ «Արարատից Սիոնը»:

Զրուցեց ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728