Անուշ Թորոսյանը նախ ստացավ առաջին մրցանակ նոութբուքը՝ ԵՄ դեսպանի կողմից, հետո ներողություն խնդրեց ԵՄ կենտրոնում հավաքվածներին փոքր-ինչ ուշանալու համար. Վանաձորից էր եկել: «Շատ ուրախ եմ, որ այս պահին այստեղ ներկա եմ գտնվում, բոլոր մասնակիցներին ես շնորհավորում եմ, որովհետեւ ինձ նման շատերն են բոլոր հարցերին ճիշտ պատասխանել, սակայն ինձ է բախտ վիճակվել ստանալու առաջին մրցանակը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ԵՄ կենտրոնում Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան մրցանակներ հանձնեց առցանց վիկտորինայի հաղթողներին:
Նա նշեց, որ վիկտորինայի անցկացումը լավ գաղափար է եւ պետք է անպայմանորեն շարունակել:
«Մեզ համար շատ հաճելի էր տեղեկանալ, որ այդքան մարդ մասնակցեց վիկտորինային եւ ինչպես հասկանում եմ՝ ձեզանից բոլորը վիկտորինային ճիշտ պատասխան են տվել: Եվ ես շատ ուրախ եմ, որ առցանց վիկտորինան ոչ միայն վիրտուալ շփման հնարավորություն դարձավ, այլ նաեւ դրան հետեւեց այսօրվա հանդիպումը, որը հնարավորություն է եւս մեկ անգամ խոսելու երկկողմ համագործակցության մասին»,- ասաց դեսպան Տրայան Հրիսթեան:
Կարդացեք նաև
Երկրորդ՝ նեթբուք մրցանակը ստացած թարգմանչուհի Նինել Միքայելյանը, շնորհակալություն հայտնեց ԵՄ կենտրոնին նման վիկտորինա անցկացնելու համար: «Սա նաեւ յուրահատուկ հնարավորություն էր տեղեկանալու ԵՄ կենտրոնի գործունեությանը Երեւանում»,- ասաց նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ