Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «Ժամանակն է, որ պարտադիր զինծառայության ժամկետը դառնա 1 տարի». «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 20,2014 12:24

Կառավարությունը հունվարի 23-ին հավանություն է տվել Արմեն Աշոտյանի ներկայացրած՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Հատված թեմայի շուրջ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հարցազրույցից:

– Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված, որ օրենքի փոփոխության նախագիծը հիմնականում վերաբերվում է արտերկրում սովորողներին, իսկ Հայաստանի բուհերում սովորող ուսանողներին՝ ոչ։

– Ես իրավունք չունեմ խտրություն դնելու արտասահմանյան եւ հայաստանյան բուհերի, ինչպես նաեւ մասնագիտական կրթական ծրագրերի միջեւ։ Երիտասարդի կրթության ընտրության սահմանադրական, անօտարելի իրավունքն է: Ժամանակն է մեր բոլոր գործողություններով, օրենքներով, որոշումներով տարանջատելու զինապարտությունը եւ մասնագիտական կրթության իրավունքը։ Առողջական խնդիր չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ամեն ինչից, պիտի իր ծառայությունը կատարի բանակում՝ Արցախում թե Հայաստանում, որովհետեւ այն պարտադիր է: Ժամանակն է, որ քաղաքացիական հասարակությունն իր բոլոր ինստիտուտներով, այդ թվում՝ ԶԼՄ-ներով, հսկի, որ կառավարական, վարչական, տնտեսական եւ այլ լծակներ ունեցող անձանց երեխաները, հարազատները ծառայեն բանակում, ծառայեն բարեխիղճ եւ ի տես։

– Չե՞ք կարծում, որ օրենքի փոփոխության դեպքում Հայաստանում գիտությունը կտուժի, քանի որ շատ խելացի տղաներ ծառայությունից հետո չեն ցանկանում շարունակել կրթությունը:

– Շատ խելացի տղաները ծառայությունից հետո Հայաստանում զբաղվում են իսկական գիտական գործունեությամբ, ձեռնարկատիրությամբ, ապրում են իրենց աստվածատուր կյանքով։ Եվ դա անում են իրենց համար՝ ի շահ յուրաքանչյուրիս։ Մյուսները դա կարող են անել Հայաստանից դուրս, ուզում եմ հավատալ, որ իրենց ազատ ընտրությամբ, բայց Հայաստանի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց հետո։

– Որպես նախկին ԿԳ նախարար, ըստ Ձեզ, ո՞րն է լավագույն միջոցը, որով չի տուժի կրթությունը, եւ չի խախտվի նաեւ օրենքով ամրագրված պարտադիր զինվորական ծառայությունը։

– Խտրության (խտրականության) բացառումը՝ ե՛ւ օրենքով որոշված պարտականության, ե՛ւ անօտարելի իրավունքի դեպքում։ Ժամանակն է, որ պարտադիր զինծառայության ժամկետը դառնա 1 տարին՝ 2-ի փոխարեն, իսկ դա հնարավոր է, եթե հայաստանցին ուրիշի փոխարեն 2 տարի չծառայի, ծառայեն բոլորը։ Ժամանակն է նաեւ, որ բոլորիս աջակցությամբ բանակը զորացնի իր ուսումնավարժանքային ներուժը։ Իր տեսակի մեջ բանակը մասնագիտական ուսուցման մեծ հաստատություն է:

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728