Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը դրսեւորում է մերժողական կեցվածք, որը մինչ այժմ ավելի բնորոշ է եղել թերեւս միայն ՀԱԿ-ին. «Հայոց աշխարհ»

Փետրվար 20,2014 12:12

Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, օրերս անդրադարձավ կենսաթոշակային բարեփոխումների խնդրին: Ըստ որում՝ երկու օր անց հակակուտակային քաղաքացիական նախաձեռնությունն արձագանքեց նախագահի այդ հայտարարություններին՝ նշելով, թե դա ճնշում է Սահմանադրական դատարանի վրա:

Այնինչ, նկատենք, կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության, հիմնավորվածության վերաբերյալ բովանդակային շեշտադրումներին զուգահեռ, երկրի ղեկավարի անդրադարձում կային նաեւ այլ, միանգամայն պարզորոշ ակնարկներ: Հիշեցնենք: Նախագահը մասնավորապես նկատել էր. «Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող են լինել անհաջող ձեւակերպումներ. մենք պատրաստ ենք այդ անհաջող ձեւակերպումներն ուղղել: Իմաստը, վստահ եմ, չի փոխվելու, եւ այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է»:

Պետության ղեկավարի հատկապես մոտեցման պարագայում առավել եւս դժվարընկալելի է «Դեմ եմ» ապաքաղաքական եւ քաղաքացիական շարժման կտրուկ արձագանքը: Այն ավելի շատ հարիր է քաղաքական որեւէ ծայրահեղ ընդդիմադիր ուժի, քան թե հուզող խնդիրները քննարկելու պատրաստ քաղաքացիների խմբի:

Ի վերջո, նախագահի խոսքից ակներեւ է խրթին կամ անհաջող գնահատվող ձեւակերպումները քննարկելու, ապաեւ՝ ուղղելու պատրաստակամությունը, եթե կուզեք՝ քաղաքական կամքը: Նման իրավիճակում տրամաբանությունը հուշում է, որ հանդիպակաց կողմն էլ, որ հենց խրթինությունների ու դրանց հնարավոր կիրառման դեմ է արտահայտվել, պետք է փորձի այդ պատրաստակամության նպաստավոր պայմաններում հասնել, ըստ իրենց՝ սխալ դրույթների ուղղմանը: Սակայն դրսեւորվում է մերժողական կեցվածք, որը մինչ այժմ ավելի բնորոշ է եղել թերեւս միայն ՀԱԿ-ին:

Չէ, հասկանալի է, անշուշտ, որ «Դեմ եմ»-ի կազմակերպված բողոքական շարժումից ու ներուժից կցանկանան օգտվել որոշակի ներքին ճգնաժամ ապրող առանձին քաղաքական ուժեր: Բայց, ի վերջո, «Դեմ եմ»-ի թիրախը կամ նպատակը իրենց բարձրացրած խնդիրների լուծումը գտնելն է, այլ ոչ թե քաղաքական որեւէ ուժի ծառայություն մատուցելը:

Թե՞ մենք սխալվում ենք:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728