Դիտելով Կիեւից ստացվող զարհուրելի կադրերը՝ հայաստանցիները երեւի միայն հիմա են գիտակցում, թե «ինչից են պրծել» 2008թ. մարտի 1-ին։ Նույնը կարող էր տեղի ունենալ Երեւանի կենտրոնում. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հաստատ Յանուկովիչից ավելի մարդասեր չեն, մեր ներքին զորքերի զրահատեխնիկան հաստատ նույն ձեւով է կրակում, իրադարձություններն էլ զարգանալու էին «մթության քողի տակ»՝ ոչ թե Եվրոպայի կենտրոնում գտնվող 45 միլիոնանոց երկրում, այլ փոքրիկ, աշխարհից կտրված, դեպի ծով ելք չունեցող եւ աշխարհագրորեն Ասիայում գտնվող տարածքում։ Եվ տեղի էր ունենալու Հայաստանի իշխանությունների ցանկացած գործողության «ըմբռնումով մոտեցող» եվրոպացիների անտարբեր ու նույնիսկ խրախուսող հայացքի ներքո։
Բայց Հայաստանում նման բան տեղի չունեցավ, ընդդիմության ղեկավարները «մինչեւ վերջ չգնացին»՝ լավ գիտակցելով, որ իշխանությունները «նաղդ մինչեւ վերջ գնացող են», այսինքն՝ պատրաստ են անգամ տասնյակ հազարավոր զոհերի գնով պահպանել իրենց աթոռները։ Սա հայտնի առակի պես է, որտեղ Սողոմոն իմաստունը դատում է երկու կանանց, որոնցից յուրաքանչյուրը պնդում է, թե երեխան իրենն է։ Սողոմոնն առաջարկում է մեջտեղից կիսել երեխային, կանանցից մեկը համաձայնվում է՝ ոչ ինձ, ոչ քեզ, բայց մյուսը՝ հարազատ մայրը, համաձայնվում է երեխային տալ օտար կնոջը, միայն թե նա ողջ մնա։ Ուկրաինայում կարծես թե «հարազատ մայր» այդպես էլ չգտնվեց, եւ երկիրը կիսվում է։
Հայաստանում մարտի 1-ին հաջորդած իրադարձությունները զարգացան միանգամայն այլ սցենարով։ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց ընտրություններում, հետո հայտարարեց, որ «զադնի տալ չկա», բայց իսկույն էլ գնաց աղոթելու, այսինքն՝ չսրեց իրավիճակը։ Գուցեեւ ճիշտը դա էր. Սերժ Սարգսյանն արդեն մարտի 1-ի փորձն ուներ ու լավ գիտեր անելիքը։ Բայց արդյունքում՝ հիմա Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որտեղ իշխանափոխությունն ընտրությունների միջոցով գործնականում բացառված է, իշխանափոխությունը հանրահավաքային պայքարի միջոցով
գործնականում բացառված է, այս իշխանություններն էլ երկիրն անշեղորեն տանում են դեպի կործանում։ Պարզ ասած՝ իրավիճակը փակուղային է։ Ի՞նչ անել։
Կարդացեք նաև
Նախեւառաջ՝ ստիպել, որ մինչեւ վերջ բացահայտվի մարտի 1-ի ոճրագործությունը:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում