Հատված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հարցազրույցից:
– Ինչպե՞ս եք վերաբերվում «Դ!եմ եմ» շարժմանը։
– Ես կարծում եմ, որ ընդհանրապես՝ որպես նախաձեռնություն, այն պետք է դիտարկենք դրական կողմից, որը մեր քաղաքացիներին իրազեկելն էր նոր կենսաթոշակային համակարգի մասին։ Իսկ բացասականն, իհարկե, այն է, որ իրազեկումը ոչ լիարժեք և ոչ ճշգրիտ է։ Այսինքն՝ իրականում ճշգրիտ տեղեկատվությունը հասցնելու ձևաչափը լիարժեք չի աշխատում,
հակառակը՝ իրականացվում են տարբեր տիպի շահարկումներ և մանիպուլյացիաներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում՝ ստեղծելով բազմաթիվ թյուրըմբռնումներ հասարակության շրջանում:
Կարդացեք նաև
Օրինակ՝ ասվում է, որ պարտադիր կուտակային վճարը ոչ թե 5 % է, այլ սկսվում է 6.6%-ից մինչև 13%, և այլն։ Մինչդեռ օրենքում հստակ ամրագրված է, թե ինչն է համարվում բազային եկամուտ, դա անվանական աշխատավարձն է, և օրենքով ամրագրված 5% պահումը կատարվում է անվանական աշխատավարձից: Օրենքի դրույթը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ սխալ տեղեկատվություն է տրվում քաղաքացիներին։
Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափն իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբերել և բացատրել ամբողջությամբ։
Ամբողջ հարցն այն է, որ ընդհանրապես եկամտի տեսքով կամ կազմակերպության տեսանկյունից շահույթի ձևով առաջացող գումարները հարկվում են աշխարհի բոլոր երկրներում, և, երբ քննարկումների ժամանակ մենք որոշում էինք կայացնում, թե ինչպիսին լինի մեր համակարգը, այսինքն` այդ գումարները երբ հարկվեն, մենք ունեինք 3 հնարավոր տարբերակ. կամ այդ գումարները պետք է հարկվեին ի սկզբանե, կամ շրջանառության ժամանակ (երբ մասնակցի անհատական հաշվից գնում են ներդրումների, փայերի, արժեթղթերի մեջ), կամ կենսաթոշակը վճարելիս։ Կայացվեց որոշում, որ այդ գումարները հարկվեն ի սկզբանե, որովհետև աշխատող երիտասարդի համար հասկանալի կլինի, որ անվանական աշխատավարձից հանվում է եկամտային հարկը, կուտակային վճարն, ու իրական վճարվող աշխատավարձը կազմում է որոշակի գումար։ Եվ հետագա փուլերն այլևս հարկման ենթակա չեն։ Անձը կստանա այդ գումարներն ամբողջությամբ՝ որքան որ կլինի 63 տարեկանում իր անհատական կենսաթոշակային հաշվում։ Կան երկրներ, որտեղ հարկումը կատարվում է կենսաթոշակը վճարելիս։ Այսինքն՝ պարտադիր կուտակային վճարը կարող էր հաշվարկվել մաքուր աշխատավարձից, բայց հարկվեր կենսաթոշակը վճարելիս։ Այս դեպքում 63 տարեկան կենսաթոշակառուն պետք է մտածեր՝ արդյոք ճի՞շտ հաշվարկեցին հարկերը, արդյոք կենսաթոշակը ճի՞շտ ձևավորվեց, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում ենք կայացրել, որ կուտակային միջոցները հարկվեն առաջին փուլում՝ աշխատավարձը վճարելիս, և հետագա որևէ փուլում դրանց նկատմամբ հարկում չկիրառվի։
Ստացվում է, որ այս դեպքում մեր քաղաքացիներին տրամադրվել է ոչ ճիշտ, սուտ տեղեկատվություն, եւ քաղաքացիները, օրենքով սահմանված դրույթների տեղյակ չլինելով, լսելով այդ պարզունակ ձևակերպումները՝ դառնում են ապատեղեկատվության զոհ:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում