ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին՝ տեղեկացնելով, որ իրենց ազատել են աշխատանքից։ Հիմնականում կրճատվել են թոշակառու անձինք, սակայն աշխատանքից ազատվածների մեջ կան նաեւ ոչ թոշակառուներ։ Ի դեպ, նույն կրճատման գործընթացն իրականացվում է նաեւ ՀՀ մյուս մարզերում։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբեր ամսին որոշում կայացրեց պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ։ Այս պահին ոչ միայն «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում է խառնաշփոթ եւ անորոշ իրավիճակ տիրում, այլեւ մյուս մարզերում։ Կառույցն ունի մարզային կենտրոններ, եւ նույն գործընթացն իրականացվում է ամենուր։ Արդյունքում՝ կենտրոնների աշխատակիցները հայտնվել են դժվարին կացության մեջ. նրանք չգիտեն՝ աշխատանք կունենան, թե ոչ։
Քանի որ մեզ ահազանգել էին «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, մենք դիմեցինք հենց Շիրակի մասնաճյուղի տնօրենին՝ Վարդան Ուռուտյանին։ «Ես նույնպես ստացել եմ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում։ Ավելին չեմ էլ մտածում, որ կարող եմ վերանշանակվել նույն պաշտոնում։ Հիմա կառույցը վերակազմավորման փուլում է։ Այսօր, առաջին աշխատողից սկսած մինչեւ վերջինը, ծանուցում է ստացել այն մասին, որ աշխատանքային պայմանագրերը լուծվում են։ Իսկ թե հետագան ինչպես կավարտվի, ընթացքը ցույց կտա: Բայց այդ նույն ծանուցումից ես էլ եմ ստացել։ Կվերանշանակվեմ, թե ոչ՝ հայտնի չէ»,- ասաց տնօրենը։
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը իր հերթին նույնպես հայտարարեց, որ դեռեւս երեք ամիս առաջ բոլոր աշխատողներին անխտիր ծանուցվել է աշխատանքից հնարավոր ազատման կամ տեղափոխման մասին:
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում