Երբ հայտնի դարձավ ազերի ոճրագործի արտահանձնման մասին, Սերժ Սարգսյանը խրոխտ ձայնով հայտարարեց, թե ողջ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը եւ անձամբ ինքը դա չեն ներելու։ Այդ օրվանից անցել է ավելի քան մեկուկես տարի, եւ ի՞նչ է արվել, մեծ հաշվով՝ ոչինչ։ Ընդամենը Գուրգեն Մարգարյանի շահերի իրավահաջորդները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը անցած մեկ տարվա ընթացքում դեռեւս չի էլ պատասխանել՝ արդյոք հայցն ընդունում է, թե ոչ։ Ընդունելու դեպքում էլ, ինչպես երեկ նշեց Գուրգենի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը, գործընթացը կարող է ձգձգվել տարիներով։
Հետեւաբար, մարդասպան Սաֆարովին առնվազն մի քանի տարի ոչինչ չի սպառնում՝ ի հուսախաբություն նաեւ բոլոր այն ռոմանտիկների, որոնք հավատացել էին, թե Սերժ Սարգսյանը, ցուցադրաբար ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին «հատուկ հանձնարարություն» տալով նկատի էր ունեցել Սաֆարովին ֆիզիկապես ոչնչացնելը։
Ընդհանրապես այդ մասին փորձ է արվում շատ չխոսել, սակայն անժխտելի է, որ այդ տականքի արտահանձնումը, ազատ արձակումն ու հերոսացումը մեծ խայտառակություն էր մեր ազգային արժանապատվության համար, որը, սակայն կարծես թե արդեն ամբողջովին մոռացվել է ՀՀ իշխանության կողմից։ Որքան էլ ցավալի է դա արձանագրելը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ Սարգսյանն իր հոխորտանքներով ու էմոցիոնալ հայտարարություններով ընդամենը սեփական PR-ն արեց։ Ինչը, ի դեպ, երկարաժամկետ կտրվածքում ունենալու է տասնապատիկ բացասական էֆեկտ։ Ի վերջո, ոչ ոք չի մոռանալու, որ Սաֆարովի արտահանձնման համար հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են, որոնք ոչ միայն որեւէ քայլ չարեցին դա կանխելու համար, այլեւ հետագայում հետամուտ չեղան կատարվածը շտկելու գործին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում